3-ամյա Տիգրանի սպանության գործով հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման

3-ամյա Տիգրանի սպանության գործով հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման

26 մարտի 2026 – 10:21 AMT

PanARMENIAN.Net – Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկած հայրը՝ Ա.Օ.-ն, դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այդ մասին հայտնել են Դատական դեպարտամենտից, տեղեկացնում է 1lurer.am-ը:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող անչափահաս երեխային։ Նա դա իրականացրել է Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում՝ ձեռքով երեխայի կոկորդը սեղմելու միջոցով։ Դրանից հետո փորձել է թաքցնել մարմինը՝ այն տեղափոխելով դաշտամիջյան տարբեր հատվածներ, ապա հասցրել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից տարածք, որտեղ էլ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է դիակը։

Կատարված արտաքին զննությամբ պարզվել է, որ Տ.Օ.-ի մարմնի գլխի շրջանում առկա են մարմնական վնասվածքներ։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով, որն առաջացել է պարանոցի օրգանների բութ առարկայով սեղմումից։

Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով՝ անօգնական վիճակում գտնվող անչափահասի սպանություն մերձավոր ազգականի կողմից։

Leave a Comment