ՔՊ-ում քննարկում են ներկուսակցական քարոզարշավի արդյունքները և Երևանի քաղաքապետի աշխատանքը. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունում քննարկում են ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում Երևանում և մարզերում տեղի ունեցած դրական ու բացասական հանդիպումների արդյունքները և առաջիկա քայլերը, գրել է «Հրապարակը»։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ երևանյան քարոզարշավից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները որոշ դեպքերում լավ ընդունելության չեն արժանացել, կուսակցությունում վերլուծում են իրավիճակը։ Հիմնական թիրախը քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որի աշխատանքի հետ են կապում բնակչության նման վերաբերմունքը։ Ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլից հետո ՔՊ-ն կշարունակի երևանյան հանդիպումները, սակայն հստակ ձևաչափը դեռ հայտնի չէ։

Թերթի տեղեկությամբ՝ ՔՊ անդամները տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։ Իշխանության ներկայացուցիչները չեն կանխատեսել նման դրական արձագանք՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրել են մարզի որոշ դիրքեր։ Փոխարենը վատ վերաբերմունքի են արժանացել Լոռու մարզում, չնայած այն հանգամանքին, որ մարզպետ Արեն Մկրտչյանը ներկուսակցական քվեարկության ժամանակ ստացել էր ամենալավ արդյունքը մարզպետներից՝ մոտ 500 ձայն։

ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է մարտի 27-28-ին: Այդ օրերին 1000 պատվիրակի քվեարկությամբ կորոշի 50 թեկնածուների վարկանիշային հերթականությունը, իսկ ապրիլի 4-5-ին կայանալիք համաժողովի ժամանակ կհաստատվի ձևավորված 50-յակի վերջնական ցանկը:

Leave a Comment