ԱՄՆ-ն ներքաշվել է պատերազմի մեջ, որից չգիտի՝ ինչպես դուրս գա, և դա կարող է դառնալ պատճառ, որ Թրամփն ավելի շուտ գնա էսկալացիայի․ իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետից բաղկացած փաստաթուղթ: Ինչպե՞ս է արձագանքում պաշտոնական Իրանը այս փաստաթղթին:

– Բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները վերջին օրերին շատացել են, բայց մենք չենք կարող վստահ լինել, թե այդ ինֆորմացիաներից ո՛րն է իրականությանը համապատասխանում, ո՛րն է պարզապես քարոզչության մաս կազմում, բայց դատելով ընդհանուր տեղեկատվությունից, կարող ենք այս պահի դրությամբ ֆիքսել, որ եղել է ուղերձների փոխանակում՝ առնվազն ամերիկյան կողմից: 

Այդ ուղերձի փոխանցումը հավանաբար եղել է Պակիստանի միջնորդությամբ, համենայնդեպս, այդ երկրի անունն է շատ շրջանառվում: Իրանցիները լիովին հերքում են, որ առհասարակ բանակցություններ են տեղի ունենում, բայց չեն հերքում, որ ուղերձ են ստացել: Իրանական կողմը շարունակում է պնդել, որ պատերազմի դադարեցման համար ունի պայմաններ, որոնց կատարման դեպքում նոր հնարավոր կլինի հրադադարի հաստատումը: 

Իրանական կողմին հարկավոր չեն պատերազմի շուտափույթ ավարտ ու հրադադարի հաստատում ու նախապատերազմական իրադրության վերականգնում, որովհետև դա Իրանի համար նշանակում է, որ հակառակորդները ժամանակ են շահում՝ վերադասավորելու իրենց ուժերը, վերականգնելու իրենց հնարավորությունները ու Իրանի դեմ նորից գործողություններ ձեռնարկելու: 

Իրանը ձգտում է պատերազմը հասցնել այնպիսի կետի, որ երբ այդ գործողություններն ավարտվեն, ինքը ևս ստանալու ինչ-որ բան ունենա, ու ձևավորվի տարածաշրջանային մի այնպիսի նոր կարգ կամ ստատուս քվո, որտեղ իր շահերը ևս հաշվի կառնվեն: 

Իրանցիներն ունեն նաև առավելապաշտական սցենարներ, օրինակ՝ տարածաշրջանում ամերիկյան բազաների փակում ու մի շարք այլ պահանջներ, որոնց ի կատար ածումն իհարկե շատ հարցեր է առաջացնում, բայց, ամեն դեպքում, երբ իրանական կողմն էլ նման պահանջներ է առաջ քաշում, նպատակ ունի բանակցությունների ընթացքում սակարկել ու հասնել իր համար գոնե կենսական նշանակության պայմանների կատարմանը, ամենակարևորը՝ երաշխավորել, որ իր դեմ ռազմական գործողություններ առնվազն մոտ ապագայում չեն կրկնվի: 

Այս պատերազմը Իրանի համար գոյաբանական սպառնալիք է, բայց միաժամանակ դիտարկվում է նոր ստատուս քվո ձևավորելու հնարավորություն, որտեղ շահեկան դիրքերում կլինի նա, օրինակ՝ Հորմուզի նեղուցի նոր իրավական կարգավիճակի մասին իրանական կողմի պահանջը, պատժամիջոցների վերացում, ուրանի հարստացման իրավունքի պաշտպանություն և այլն:

– Իրանը շանսեր ունի՞ նոր ստատուս քվոյի հասնելու:

– Այն ձևաչափով, որ Իրանն է պատկերացնում, օրինակ՝ տարածաշրջանից ամերիկյան բազաների դուրսբերում, բայց այս պահի դրությամբ մենք չունեք ցուցիչներ, որ դա հնարավոր է իրագործել: Իրանի հաշվարկը նաև այն է, որ արաբական երկրներին ցույց տա, որ այդ բազաները իրենց համար ոչ թե պաշտպանություն են, այլ հակառակը: Բայց այս պահի դրությամբ դեռևս տեսանելի ցուցիչներ չկան, որ դա հնարավոր է: 

Իրանի համար մեծ ձեռքբերում կլինի այն, որ կարողանա հասնել պատժամիջոցների չեղարկմանը, շարունակի հարստացնել ուրան ու, իհարկե, ամենակարևոր կետերից մեկը, որ այդ համակարգը դուրս գա պատերազմից, ու նաև այդ համատեքստում երկրի ներքին կայունությունը պահպանվի, քանի որ այս պահին Իրանի իշխանությունների հիմնական մտահոգություններից մեկը հենց դա է: Այդ պատճառով է, որ մենք ամեն օր ականատես ենք լուրերի, որ տասնյակներով լրտեսներ են ձերբակալվում: 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ մինչև այս պահը Իրանին հաջողվել է ներքին կայունությունը պահպանել ու արձանագրել, որ ԱՄՆ-Իսրայել տանդեմի առաջնային փուլի նպատակները ձախողվել են: 

– Ներքին կայունության մասով՝ այո՛: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ու Իսրայելի նպատակների իրագործմանը. եթե մենք դիտարկում ենք, որ սցենարը եղել է հետևյալը, ԱՄՆ-ի դեպքում, կարծես այդպես էլ եղել է, Իրանի ղեկավարության գլխատումից հետո Իրանը միանգամից կհանձնվի, ու համակարգը կփլուզվի ու չի կարողանա հանդես գալ այնպես, ինչպես հանդես եկավ, այսինքն՝ այս առումով նաև ամերիկյան կողմի վերլուծական դաշտն էլ է փաստում, որ սցենարը դա է եղել ու չի եղել ակնկալիք, որ Իրանը կարող է նման մասշտաբային պատասխան տալ՝ թիրախավորել արաբական մի շարք երկրներ ու նաև Հորմուզի նեղուցը նման կերպ սահմանափակել: Այսինքն՝ այն հաշվարկները, որ պատերազմը հնարավոր է լինի շատ արագ ավարտել, ու Իրանը վերջնական կապիտուլյացիայի ենթարկվի, չեն իրագործվել, ու ԱՄՆ-ն ներքաշվել է պատերազմի մեջ, որից չգիտի թե ինչպես դուրս գա: 

Պատերազմից դուրս գալու հստակ ռազմավարության բացակայությունն էլ կարող է պատճառ դառնալ, որ Թրամփն ավելի շուտ գնա էսկալացիայի, որ հետագայում արդեն կարողանա դիմել դեէսկալացիայի: 

Այս պահի դրությամբ հիմնական սցենարներն այդ երկուսն են. կա՛մ շարունակվում է էսկալացիան, ու դրա ցուցիչներից կարող է լինել այն, որ շարունակ նոր ուժեր են ուղարկվում Մերձավոր Արևելք, կա՛մ Թրամփը պետք է պարզապես որոշի, որ հենց այս պահին հաղթանակ է հռչակում ու դուրս է գալիս պատերազմից, բայց տվյալ դեպքում այդ՝ պարզապես հաղթանակի հռչակումը Նահանգների համար չի նշանակելու, որ իրենք իսկապես հաղթել են: 

– Մոտ ապագայում առավել հավանական ի՞նչ սցենար ենք տեսնելու, տիկին Վարդանյան: 

– Այս պահին պատերազմը կարծես թե դեռ շարունակելու տրամաբանությունն է գործում, իհարկե բանակցությունները շարունակելու մասին խոսվում է, բայց իրանական կողմի հռետորաբանությունն այն է, որ իրենց հետաքրքիր ու նույնիսկ պետք չէ պատերազմի շուտափույթ ավարտը, այլ պետք է որակական ավարտ: Այս կերպով հրադադարի ցուցիչներ դեռ չկան: Չենք կարող բացառել, որ Թրամփը կարող է մեկ էլ հայտարարել, որ իրենք հաղթել են ու դուրս են գալիս պատերազմից, բայց, կրկնում եմ, որ այս պահին չկան ցուցիչներ, որ Թրամփը գնում է այդ սցենարով: 

Իրանը, սակայն, տրամադրված է շարունակել դիմադրությունը, որովհետև որքան էլ որ ծանր կորուստներ է կրում, այնուամենայնիվ, կարևոր են իր համար հակառակորդին հնարավորինս շատ վնաս հասցնելը ու հյուծելը: Իրանը փորձում է պատերազմի գինը հնարավորինս մեծացնել, որպեսզի ցույց տա, թե ինչ արժեք կարող է ունենալ իր դեմ պատերազմը ու այդկերպ կանխի հետագայում իր դեմ գործողությունները: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment