Բանակցում ենք, որպեսզի երկիրը կարողանա ստեղծել խելացի սահմաններ․ Նարեկ Կարապետյան

Աշխարհում անցել են այնպիսի մոդելի, որ սահմանային առաջին կետերում հիմնականում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք մինչև 25 կմ խորությամբ վերահսկում են հակառակորդի կամ սահմանակցի շարժը և կարողանում են տալ կանխարգելիչ տեղեկություններ, որպեսզի հիմնական ուժերը դուրս գան պաշտպանական դիրքեր։ Այս մասին «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ դիրքերում մշտական տեղակայված զինծառայողների թիվը պետք է կրճատվի, քանի որ նրանք պետք է նախ վերապատրաստվեն և դիրքեր բարձրանան այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի։

«Ինչպես մեզ բացատրում են մասնագետները՝ աշխարհը պոստային համակարգից անցում է կատարում խելացի սահմանի համակարգին։ Սահմանը կենտրոնական շտաբին տեղյակ է պահում, որ կա շարժ և այդ ժամանակ այնտեղ հատուկ խմբեր են գործուղվում։ Իհարկե, ես մի փոքր պարզեցված եմ ներկայացնում։ Այս ամենի հիմնական նպատակն այն է, որ զորքը վերապատրաստում անցնի և դիրքեր բարձրանա միայն անհրաժեշտության դեպքում։ Այսինքն, դիրքերում տեղակայված զինծառայողների թիվը պետք է կրճատվի, քանի որ նրանք պետք է նախ վերապատրաստում անցնեն։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր երկիրը կարողանա կնքել պայմանագիր խելացի սահմանների ստեղծման մասին»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

Leave a Comment