ԱԺ-ն ընդունեց խոշոր կատվազգիների պաշտպանության միջազգային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը

Համաձայնագիրը նպատակ ունի խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը և կանխել դրանց պոպուլյացիաների անկումը

ԱԺ-ն ընդունեց խոշոր կատվազգիների պաշտպանության միջազգային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ԱԺ-ն ընդունեց «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:


Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նպատակ ունի խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը և կանխել դրանց պոպուլյացիաների անկումը:


ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել էր, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ ուրույն տեղ ունի կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica): Այն Հայաստանում հայտնի է եղել վաղ ժամանակներից, ինչի մասին վկայում են պատմական արձանագրությունները, ավանդապատումները, գրականությունը, բազմաթիվ ժայռաքանդակները, զարդաքանդակները և մանրանկարները:


Ներկայում կովկասյան ընձառյուծը ներառված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում «վտանգված» և «կրիտիկական վիճակում գտնվող» կարգավիճակով:


Նա տեղեկացրել էր, որ այժմ Հայաստանում ընձառյուծի թվաքանակը տատանվում է մինչև 10 առանձնյակի, իսկ նրա համար կեր հանդիսացող կենդանատեսակներինը՝ աճել է 1000-ից մինչեւ 3000-ի: Հայաստանի տարածքում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակները, ինչպիսիք են լուսանը, եվրոպական անտառակատուն (Felis silvestris Schreber) եւ մանուլը (Otocolobus manul): Վերջին երկուսը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:


Նշվել է, որ պաշտպանելով հիմնական տեսակները, ինչպիսիք են՝ ընձառյուծը և այլ խոշոր կատվազգիները՝ ապահովվում է էկոհամակարգի առողջությունն ու հավասարակշռությունը, ինչը կարեւոր է այլ տեսակների գոյատևման համար:


 


Leave a Comment