25 մարտի 2026 – 14:21 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ընդունվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր վավերացնելու նախագծեր:
Ընդունվել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը, որը ստորագրվել է 2025 թվականի հունիսին, հայտնում է 1lurer.am-ը:
Ըստ դրա՝ 2023 թվականի տվյալներով ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքատեսակից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սահմանվել է մուտքի արտոնյալ ռեժիմ։ Արդյունքում հայկական արտահանողները ստացել են մոտ 500 հազար ԱՄՆ դոլարի չափով ուղղակի սուբսիդավորում։
Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախաձեռնություններից մեկը վերաբերվել է մոպեդների, տրիցիկլների և կվադրիցիկլների պարտադիր ապահովագրությանը։ Հիմնավորվել է, որ տրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ անհրաժեշտ է ապահովել նաև դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրումը։
Նույն ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի օգտագործման աստիճանական սահմանափակման և արգելման վերաբերյալ նախագիծը։
Խորհրդարանը նաև վավերացրել է «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունը և կանխել խոշոր կատվազգիների պոպուլյացիայի նվազումը։ Նշվել է, որ Հայաստանի համար այն ունի նաև անմիջական նշանակություն՝ հաշվի առնելով Կովկասյան ընձառյուծի կարևոր դերը երկրի կենսաբազմազանության մեջ։