«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրել է խաղաղության հասնելու ուղիները և անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագրի 6 կետերը։
Առաջին ուղին հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումն է։
«Վարչապետի կտրվի վեց ամսվա մանդատ, որպեսզի ներկայացնի հստակ ծրագիր, հանձնաժողովը կունենա նաև ընթացիկ վերահսկողության գործառույթ»,- նշել է Թաթոյանը։
Երկրորդ ուղով հանձնաժողովին կտրվեն հստակ ժամկետներ և հաշվետվողականություն, որպեսզի կարողանան ցույց տալ, թե ինչպես կարող են ունենալ զսպման կարողություններ պաշտոնավարման առաջին տարվա ավարտին ինչպես հասնել ռազմական հավասարակշռության հարևանի հետ։
«Իհարկե այս գլխավոր հարցերից է լինելու՝ ինչպես բարեփոխել և արդիականացնել մեր բանակը, որպեսզի մենք ունենանք մոբիլ բանակ, որը կարող է նաև տեղերում ունենալ լիարժեք կարողություններ ակնթարթային որոշումներ կայացնելու»,- շեշտել է նա։
Երրորդ ուղին պետական ներդրումներն են անվտանգության բնագավառում։ Թաթոյանի խոսքով՝ մինչև այս հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը անհապաղ փոփոխություն կարվի օրենքում, և օրենքի մակարդակով կամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը և մեր պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8%-ից ցածր։
«Մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող տարուց սկսած մեր բանակի բյուջեն կավելանա 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, դրանից բացի 500 միլիոն դոլար կուղղվի ռազմաարդյունաբերական ծախսերին և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, տեղական կազմակերպությունների, նաև տեղական կազմակերպությունների զարգացմանը խթանելու նպատակով, հենց դրան կուղղվեն այդ կազմակերպությունները»,- պարզաբանել է Թաթոյանը։
Քաղաքական ուժի չորրորդ անհապաղ քայլերից է լինելու համապարփակ անվտանգության համակարգի իրագործումը, ներդնումը և իրագործումը։
«Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներում մեր երկրում կհաստատվի համակարգ, որ ամբողջությամբ երկիրը սկսում է աշխատել պաշտպանության համար: Կառավարությունը, այսինքն պետությունը, մասնավոր հատվածը, տնտեսությունը, քաղաքացիները, հստակ ունենալով վերաբաշխումներ, աշխատում են հանուն երկրի պաշտպանության։ Սա չի նշանակում, որ բոլորը զենք են վերցնում, գնում են բանակ, իհարկե, սա նշանակում է, որ ամեն մեկը գիտի հստակ իր դերը և իրականացնելու է այդ դերը, այլ ոչ թե զբաղվելու է ինքնագործունեությամբ, կամ կառավարման որևէ քաղաքականության բացակայության պատճառով մարդիկ ստիպված լինեն իրենք ուղիներ որոնել, որպեսզի օգնեն մեր բանակին, օգնեն մեր պաշտպանությանը»,- նշել է նա։
Հինգերորդ քայլով ապահովվում է ճշմարտություն և պատասխանատվություն։ Թաթոյանի խոսքով՝ իշխանության գալու պարագայում հրապարակելու են երկու կարևորագույն զեկույց․ 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ չհրապարակվեց և 2020 թվականի 44 օրյա պատերազմի վերաբերյալ զեկույց։
«Ակնհայտ է, որ հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի զեկույցով այս իշխանությունը փորձում է թաքցնել աղբյուրը, հղումները։ Մեր հասարակությունում կան բազմաթիվ հարցեր, և մեր հասարակությունն ունի իրավունք ստանալու այդ հարցերի պատասխանները և մենք դա լիարժեք կապահովենք»,- հավաստիացրել է նա։
Վեցերորդ կետով Թաթոյանը ծրագրում է խելամիտ սահմաններ և թվային պաշտպանություն ստեղծել։
«Մենք զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը, ժամանակակից տեխնոլոգիաներով, մարդկային նաև ներուժի հնարավորինս նվազ ներգրավմամբ, բայց լիարժեք սարքավորումների, արհեստական բանականության, նաև կարգավորումների օգտագործմամբ»,- խոստացել է Թաթոյանը։
Նա կարևորել է բանակի հետախուզական կարողությունների զարգացումը, որի հիմքում տեսնում է եռաշերտ համակարգը:
«Ավտոմատ, վաղ ազդարարում և ավտոմատ հայտնաբերում, իրական ժամանակում ազդանշան և արագ արձագանք: Սրանից զատ մենք նաև բնականաբար բարձրացնելու ենք մեր զինվորականների նկատմամբ վերաբերմունքը, որ ոչ թե սպան դիտվի, ինչպես այս իշխանության օրոք է, որպես բեռ, այլ մեր պետության կարևորագույն հենասյուներից, և առհասարակ սա պետք է լինի մեր բանակի նկատմամբ վերաբերմունքը»,- մանրամասնել է նա։
Թաթոյանը մարտի 4-ին ասուլիսում հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել: Նա նշել էր, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում տեղակայել է մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր, ինչպես նաև հենակետեր հրաձգային, ականանետային և այլ խոշոր տրամաչափի զինատեսակների համար: Նույն օրը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով, կտրականապես հերքել էր Թաթոյանի պնդումները՝ դրանք որակելով սուտ։
