Առաջարկվում է բարելավել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը

Առաջարկվում է բարելավել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա է կատարվում բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի եւ առարկաների առգրավումը:  Վերջին տարիներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման, առգրավման որոշումների քանակը զգալիորեն աճել է, ինչով պայմանավորված այդ տեղեկատվության մշակման, պատրաստման եւ փոխանցման վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները եւս ավելացել են: Դա դժվարացրել է իրավապահ համակարգի, ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների երկարաձգմանը: Համակարգի խնդիրներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Քրեական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նախագծով առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաեւ էլեկտրոնային առգրավման եղանակ:

Հիշյալ գործընթացն էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները կրճատելուն, ինչպես նաեւ գաղտնիք կազմող տեղեկության փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածությունը նվազեցնելուն:

Համապատասխան տվյալներն էլեկտրոնային եղանակով ստանալը չի ենթադրում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով:

Փոխնախարարի խոսքով նոր կարգավորումների ընդունման դեպքում պետք է ներդրվի հատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումները:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Լիլիթ Մինասյանը:

Leave a Comment