ԵՄ առաքելությունը չպետք է դառնա քաղաքական գործիք․ Ամստերդամ – armeniatoday.am

Ամերիկացի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ ողջունում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ԵՄ արագ արձագանքման խմբի գործողումը Հայաստան, սակայն ներկայացրել է մի քանի պահանջ։ 

Նրա խոսքով՝ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵՄ խումբն ուղարկվում է կառավարությանն օժանդակելու նպատակով։ Նա ընդգծել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ներկայիս կառավարությունն է «համընդհանուր մեղադրվում ՀՀ քաղաքացիների հիմնարար ազատություններն ու իրավունքները ոտնահարելու համար»։ 

«Խոսքը վերաբերում է խղճի ազատությանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդությանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ իրականացվող սանձարձակ հարձակումներին, խոսքի ազատությանն ու լրագրողների ապօրինի կալանավորումներին։ Այս ամենին գումարվում են վարչապետի այնպիսի գործողությունները՝ ուղղված երկրի պատմությանը, մշակույթին և խորհրդանիշներին, որոնք աննախադեպ են։ Իսկ նրա պատրաստակամությունը հարձակվելու Արցախի էթնիկ զտումներից մազապուրծ եղած փախստականների վրա, բանականությունից դուրս է»,- ասել է Ամստերդամը։ 

Իրավաբանն ընդգծել է, որ Փաշինյանը «Նոր Հայաստան» տեսլականով և նոր Սահմանադրության ստեղծման մոլուցքով փորձում է ժողովրդին հեռացնել սեփական պատմական արմատներից՝ փորձ անելով բառացիորեն ջնջել Անկախության հռչակագիրը, որի վրա հիմնադրվել է պետությունը։ 

«Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, նա քաղաքական զոհ է, նրա դեմ ներկայացված մեղադրանքներն ամբողջությամբ շինծու են։ ԵՄ-ին հորդորում ենք հանդիպել քաղաքական բոլոր ուժերի հետ։ Չափազանց կարևոր է, որ այս աշխատանքային խումբը չդիտարկվի որպես քաղաքական միջամտության գործիք կամ իրավունքի գերակայությունը ոտնահարելու միջոց»,- ասել է նա։ 

Ամստերդամն ընդգծել է, որ իրենց հստակ պահանջն է Եվրոպական միությունից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար։ 

«Պետք է առանցքային ուշադրություն դարձնել իրավունքի գերակայությանը: Հավասարապես և թափանցիկ կերպով աջակցել քաղաքական բոլոր կուսակցություններին:
Խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի և հանրային խմբերի համար»,- ասել է նա:

Իրավաբանը հավելել է, որ Փաշինյանը դուրս է եկել «կոպենհագենյան չափանիշների ցանկացած շրջանակներից»՝ որդեգրելով այնպիսի վարքագիծ, որը բացառելու և արմատախիլ անելու նպատակով էլ ստեղծվել է ԵՄ-ն։ 

Մարտի 23-ին Ամստերդամը կոչ էր արել Եվրախորհրդարանին առաքելություն ուղարկել Հայաստանում ժողովրդավարության, դատական ​​համակարգի և կրոնական ազատության գնահատման համար։

Leave a Comment