Արման Թաթոյանը ներկայացրել է բանակի բարեփոխումների և ՀՀ անվտանգության ապահովման ծրագրի 6 կետերը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրել է ՀՀ անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագրի 6 կետերը


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն իր ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագրի 6 կետերը։


«Մեր պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է վարչապետին առընթեր հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով, որին կտրվի 6 ամսվա մանդատ հստակ ծրագիրը ներկայացնելու համար։ Հանձնաժողովը կունենա նաև ընթացիկ վերահսկողության գործառույթ»,- ասաց Թաթոյանը։


Երկրորդ կետով հանձնաժողովին կտրվեն հստակ ժամկետներ և հաշվետվողականություն, որի նպատակը կլինի ցույց տալ, թե ինչպես կարելի է ունենալ զսպման կարողություններ պաշտոնավարման առաջին տարվա ավարտին և ինչպես հասնել ռազմական հավասարակշռության պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին։


Օրենքի մակարդակով կամրագրվի նաև, որ բանակի ֆինանսավորումը և պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8%-ից ցածր։


«Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարման առաջին տարվան հաջորդող տարուց սկսած՝ բանակի բյուջեն կավելանա 1 մլրդ դոլարով: Դրանից բացի, այս գումարից 500 մլն դոլարը, այսինքն՝ կես միլիարդ դոլար, կուղղվի ռազմարդյունաբերական ծախսերին»,- նշեց Թաթոյանը։


Չորրորդ կետով նախատեսվում է ներդնել համապարփակ անվտանգության համակարգ, որը ճգնաժամային իրավիճակներում թույլ կտա ամբողջ պետական համակարգն օգտագործել ի շահ պաշտպանության։


Ըստ հինգերորդ կետի՝ իշխանության գալուց անմիջապես հետո կհրապարակվեն 2016թ. ապրիլին քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմների վերաբերյալ Ազգային ժողովի զեկույցները։


Ծրագրի վերջին կետը ենթադրում է «խելամիտ սահմանների» և թվային պաշտպանության ներդրում։ Շեշտը դրվելու է ժամանակակից բանակի կառուցմանը ժամանակակից սարքավորումներով՝ հնարավորինս նվազեցնելով մարդկային ներուժի ներգրավումը։


 

Leave a Comment