Հողամասերն այլևս անհատույց չեն տրվի ՀԱԵ-ին․ Հողային օրենսգրքում փոփոխություն է կատարվել

Հողամասերն այլևս անհատույց չեն տրվի ՀԱԵ-ին․ Հողային օրենսգրքում փոփոխություն է կատարվել

25 մարտի 2026 – 13:42 AMT

PanARMENIAN.Net – Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերը սեփականության իրավունքով այլևս չեն կարող անհատույց տրամադրվել ՀԱԵ-ին՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության և դրանց սպասարկման համար: Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փոփոխությունը:

Օրենքի փոփոխությունների նախագիծը, որը ներկայացվել է ՏԿԵ նախարարության կողմից, ընդունվել է ամբողջությամբ՝ 67 կողմ, 26 դեմ և 3 ձեռնպահ ձայներով, հայտնում է Factor.am-ը:

Քննարկման ընթացքում Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ այս փոփոխությունները ուղղված չեն եկեղեցու դեմ, այլ նպատակ ունեն կարգավորել հողային հարաբերությունները։

Ըստ կառավարության՝ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է պետական և համայնքային գույքի նպատակային ու արդյունավետ օգտագործման քաղաքականությամբ, և այդ փոփոխությունները պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Leave a Comment