Առաջադրվող հրադադարի մասին «Նոյյան Տապան»-ը ցրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
—Վերջին զարգացումները ի՞նչ են հուշում Միջին Արեւելքում պատերազմի դադարեցման ուղղությամբ։
—Տպավորություն է ստեղծվում, որ միջնորդական առաքելությունները զգալիորեն աշխուժացել են։ Անկարա–Սաուդյան Արաբիա գծով ընթացող քննարկումներից մինչև Կահիրեի դիվանագիտական քայլերը տարբեր երկրների ուղղությամբ վկայում են, որ կա պատերազմը դադարեցնելու ուղղվածություն։
—Ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոն–Թեհրան հարաբերություններում վերջին հայտարարությունները։
— Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահը հակասական հայտարարություններից հետո հաստատեց, որ երկխոսություն է տեղի ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ այն բնութագրելով դրական։ Միևնույն ժամանակ Իրանը հերքում էր նման տեղեկությունները, մինչդեռ Վաշինգտոնը նույնիսկ հնգօրյա ժամկետ էր նշում՝ ակնկալելով արագ համաձայնություն բանակցային նախագծի շուրջ։
—Ի՞նչ է սա նշանակում ռազմաքաղաքական առումով։
— Սա ցույց է տալիս, որ Վաշինգտոնը փորձում է հասնել պատերազմի դադարեցման, հրադադարի կամ ընդհանուր լուծման։ Սակայն զուգահեռաբար հնչում են հայտարարություններ Իրանի ռազմական և միջուկային կարողությունների չեզոքացման մասին, ինչպես նաև էներգետիկ կարևոր կետերի վերահսկողության վերաբերյալ։
—Ռազմավարական դաշտում ի՞նչ փոփոխություններ են նկատվում։
Պատասխան․ Իրականում Հորմուզի նեղուցի կամ Խարք կղզու կարգավիճակում էական փոփոխություններ չեն երևում։ Եթե էներգետիկ ոլորտի վերահսկողությունը դեռ հստակ չէ, կարելի է ենթադրել, որ հենց դա է դառնալու բանակցությունների առանցքային թեման։
—Պատերազմից առաջ ինչպիսի՞ հարցեր էին օրակարգում։
—Հիմնական թեմաներն էին Իրանի միջուկային ծրագիրը, պրոքսի խմբավորումները և հեռահար հրթիռների արտադրությունը։ Թեհրանը պնդում էր, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակների համար է։ Պրոքսի ուժերի ազդեցությունն արդեն նվազել էր, իսկ հրթիռային արտադրության սահմանափակումը շարունակում էր մնալ քննարկման առարկա։
—Այս փուլում ի՞նչ հիմնական իրողություններ կարելի է առանձնացնել։
—Մի քանի կարևոր հանգամանք կա․ Իրանում վարչակարգի փոփոխություն տեղի չի ունեցել, երկիրը պահպանել է իր տարածքային ամբողջականությունը, հասարակությունը պատերազմի ընթացքում հիմնականում համախմբված է մնացել, և քրդական գործոնը չի ակտիվացել։
—Ի՞նչ արձագանք է սա առաջացնում Իսրայելում։
—Թեհրան–Վաշինգտոն հնարավոր բանակցությունները անհանգստացնում են Իսրայելին։ Սա մասնակի բացատրում է Լիբանանի ուղղությամբ գործողությունների ակտիվացումը և նույնիսկ հարավային հատվածում վերահսկողություն հաստատելու փորձերը։
—Իսկ Վաշինգտոնի հիմնական նպատակն ինչպիսի՞ն է։
—Թվում է, որ ԱՄՆ-ի համար առաջնային չէ ոչ վարչակարգի փոփոխությունը, ոչ էլ Իրանի ժողովրդավարացումը։ Ավելի շատ շեշտը դրվում է տնտեսական շահերի վրա՝ հատկապես էներգակիրների ոլորտում։ Հավանաբար առաջիկա բանակցությունների առանցքում հենց սա կլինի, և դրա դիմաց Իրանը կպահանջի պատժամիջոցների վերացում։
—Վերջում՝ ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել։
—Եթե Վաշինգտոնը կարողանա ապահովել իր շահերը Հորմուզի հատվածում, ապա հնարավոր է, որ Իսրայելի անվտանգության հարցերը երկրորդական դառնան։ Սակայն հնգօրյա ժամկետը չափազանց կարճ է նման բարդ խնդիրների լուծման համար։