25 մարտի 2026 – 12:43 AMT
PanARMENIAN.Net – «Սրբազան պայքարի» գործով կարևոր նիստ է սպասվում՝ մարտի 26-ին դատարանը պետք է որոշի ներկայացված ապացույցների շրջանակը՝ անդրադառնալով ինչպես մեղադրական, այնպես էլ պաշտպանության նյութերին, հայտնում է Panorama.am-ը:
«Այն որ մեղադրող կողմի ներկայացրած ամբողջ ծավալը կհաստատի, դրանում կասկած չունենք: Բայց արդյո՞ք պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներն էլ կհաստատվեն, թե՞ դատարանը դրանք կհամարի ոչ վերաբերելի:
Օրինակ` արդյո՞ք կհարցաքննվեն ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնք կատարել են այս գործին վերաներող հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ առկա չեն սույն քրեական վարույթում:
Նրանք պետք է հարցաքննվեն, որպեսզի հասկանանք` այդ տվյալներն ինչպես են ձեռք բերվել նրանց կողմից կամ, ընդհանրապես, արդյո՞ք եղել են օբյեկտիվ իրականության մեջ: Եվ եթե եղել են, ապա ինչու չեն ներառվել վարույթում:
Արդյո՞ք դատարանը կհաստատի գործի մեջ առկա բազմաթիվ գաղտնալսումները, որոնցում մեղադրյալները տարբեր անձանց և խմբերի հորդորում են չկատարել որևէ հակաօրինական արարք և խաղաղ անհնազանդությամբ հայտնել անհամաձայնություն ներկա իշխանությունների գործունեությանը: Սպասենք գործի հետաքրքիր զարգացումներին»,-հայտնել են «Սրբազան պայքարից»։
Դատական նիստը կայանալու է մարտի 26-ին, ժամը 15:30-ին, Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։