ՀՀ-ն կվավերացնի ընձառյուծների պահպանության միջազգային համաձայնագիրը

ՀՀ-ն կվավերացնի ընձառյուծների պահպանության միջազգային համաձայնագիրը

25 մարտի 2026 – 12:28 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ն կվավերացնի ընձառյուծների պահպանությանն ուղղված միջազգային համաձայնագիրը: Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին եւ նպատակ ունի խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը եւ կանխել դրանց պոպուլյացիաների անկումը:

Նախարարը նշել է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ ուրույն տեղ ունի կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica):

Նախարարը նաև ընդգծել է, որ ընձառյուծը հանդիսանում է էկոհամակարգի կարևոր ցուցիչ, և դրա պահպանությունը նշանակում է ոչ միայն մեկ տեսակի պաշտպանություն, այլ նաև բնական հավասարակշռության և շրջակա միջավայրի պահպանում։

Կովկասյան ընձառյուծը ներառված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում «վտանգված» և «կրիտիկական վիճակում գտնվող» կարգավիճակով: Այժմ Հայաստանում ընձառյուծի թվաքանակը տատանվում է մինչև 10 առանձնյակի սահմանում, իսկ նրա համար կեր հանդիսացող կենդանատեսակներինը՝ աճել է 1000-ից մինչեւ 3000-ի:

Բացի այդ, Մաթևոսյանը նշել է, որ համաձայնագրին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն է տվել զարգացնել միջազգային համագործակցությունը, իրականացնել համատեղ հետազոտություններ և կիրառել կենսաբազմազանության պահպանության ոլորտում լավագույն փորձը։

Հայաստանի տարածքում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակները, ինչպիսիք են լուսանը, եվրոպական անտառակատուն (Felis silvestris Schreber) և մանուլը (Otocolobus manul): Վերջին երկուսը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:

Leave a Comment