25 մարտի 2026 – 12:37 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետից բաղկացած ծրագիր՝ ակտիվացնելով դիվանագիտական գործընթացը։ Այդ մասին հայտնել է The New York Times-ը, հղում անելով երկու իրազեկ պաշտոնյաների:
Նշվում է, որ փաստաթուղթն Իրանի ղեկավարությանը փոխանցվել է Պակիստանի միջոցով։
Իսրայելական N12 հեռուստաալիքի տվյալներով՝ առաջարկը ներառում է, մասնավորապես, Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման ծրագրի դադարեցում և հարստացված ուրանի պաշարների փոխանցում Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), գրում է Deutsche Welle-ն:
Axios-ը, հղում անելով աղբյուրին, գրել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը Դոնալդ Թրամփին հայտնել է, թե Իրանը համաձայնել է ծրագրի մի շարք առանցքային դրույթների, այդ թվում՝ բարձր հարստացված ուրանի պաշարների փոխանցմանը։ Միևնույն ժամանակ, Թեհրանի պաշտոնական արձագանքը դեռևս անհայտ է։ Անորոշ է նաև Իսրայելի դիրքորոշումը, որը ԱՄՆ-ի հետ արդեն չորս շաբաթ շարունակ հարվածներ է հասցնում Իրանին։
Թրամփը մարտի 23-ին հայտարարել էր «արդյունավետ բանակցությունների» մասին Իրանի ղեկավարության հետ։ Նա նաև հանձնարարել է հինգ օրով դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածները։ Իրանի իշխանությունները հերքել են բանակցությունների փաստը՝ պնդելով, որ դրանք «չեն եղել և չկան»։
Միաժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 24-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային ծովային կազմակերպությանը, որ «ոչ թշնամական նավերը» կարող են անցնել Հորմուզի նեղուցով, եթե նախապես համաձայնեցնեն իրենց գործողությունները Թեհրանի հետ։
«Ոչ թշնամական նավերը, այդ թվում՝ այլ պետություններին պատկանող կամ դրանց հետ կապված, կարող են՝ պայմանով, որ չեն մասնակցում Իրանի դեմ ագրեսիայի գործողություններին և չեն աջակցում դրանց, ինչպես նաև ամբողջությամբ պահպանում են հայտարարագրված անվտանգության կանոնները, ստանալ Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու իրավունք», – նշված է փաստաթղթում, որը մեջբերել է Reuters գործակալությունը։
Ներկայումս նեղուցով իրականացվող փոխադրումները, որոնց միջոցով տեղափոխվում է աշխարհի նավթի և հեղուկացված բնական գազի մոտ 20 տոկոսը, գրեթե ամբողջությամբ դադարեցվել են Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պայմաններում։