29-ամյա տղամարդը մեքենայում նախօրոք տեղադրել էր բենզինով տարա, պատանուն հայտնել դրա մասին ու դրդել հրկիզել այն. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. 17-ամյա պատանին տղամարդու դրդմամբ ավտոմեքենա է այրել։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ անչափահասի արարքը բացահայտվել է Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
ՆԳՆ-ն հայտնել է, որ դեպքը կատարվել է մարտի 6-ի առավոտյան` ժամը 5-ին, երբ Մեծամոր քաղաքի բնակիչը օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել՝ տեղեկացնելով, որ մոտակայքում մեքենա է այրվում։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները դեպքի վայրում պարզել են, որ հրդեհվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։ Տուժողը հաղորդում է տվել, որ մեքենան հրկիզել է նախկին ընկերը։
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրկիզողը նախկին ընկերը չէ, այլ Մեծամոր քաղաքի բնակիչ 17-ամյա պատանին։ Նա հայտնաբերվել է Լեռնագոգ գյուղում, ձերբակալվել և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը։
Հետագա գործողություններով ստացվել են փաստական տվյալներ, որ Ոսկեվազի 29-ամյա բնակիչ՝ տուժողի նախկին ընկերը, նախօրոք տեղադրել էր բենզինով տարա, պատանուն հայտնել դրա մասին ու դրդել հրկիզել մեքենան։
Մարտի 13-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում անչափահասի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով, նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն։
Նույն օրը 29-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձի և անչափահասին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելու հատկանիշներով։
Տղամարդը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է։