ԱՄԷ արտահանվող հայկական 217 ապրանք կստանա մուտքի արտոնյալ ռեժիմ

ԱՄԷ արտահանվող հայկական 217 ապրանք կստանա մուտքի արտոնյալ ռեժիմ

25 մարտի 2026 – 11:23 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ-ում քննարկվով համաձայնագրով Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սահմանվելու է մուտքի արտոնյալ ռեժիմ։ Մարտի 24-ի նիստում քննարկել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հունիսին ստորագրված համաձայնագրի նպատակը դարձել է կողմերի միջև ապրանքաշրջանառության ազատականացումն ու պարզեցումը, տնտեսական և առևտրային համագործակցության խթանումը, ինչպես նաև փոխադարձ առևտրի ընդլայնման խրախուսումը, հայտնում է 1lurer.am-ը:

Նախարարը նշել է, որ արդյունքում, եթե պահպանվեն ներկա արտահանման ծավալները, հայկական արտահանողները անմիջապես կստանան մոտ 500 հազար ԱՄՆ դոլարի սուբսիդավորում, ինչը կապահովի նոր մրցակցային առավելություն և կնպաստի արտահանման ծավալների աճին։ Միաժամանակ սուբսիդավորման մակարդակը ևս ավելանալու է։

Նա հավելել է, որ Հայաստանից ԱՄԷ արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը նվազելու է 6 տոկոսից՝ հասնելով 2․6 տոկոսի։

Հայաստանի ներկայացրած առաջարկների շրջանակում ընդգրկվել են հիմնականում այն ապրանքները, որոնք առաջնային հետաքրքրություն են ներկայացնում արտահանման տեսանկյունից։ Գյուղատնտեսական արտադրանքի մասով ներառվել են թարմ մրգեր՝ ելակ, վայրի ելակ, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան և այլ ապրանքներ։

Արդյունաբերական ոլորտում ընդգրկվել են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքավորումները, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման տեխնիկան և այլ արտադրանք։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Leave a Comment