25 մարտի 2026 – 10:52 AMT
PanARMENIAN.Net – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից նշանակվել է համակարգելու համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների ընթացքը։
Հայաստանը հետևողականորեն աջակցել է միջազգային նախաձեռնություններին, որոնք ուղղված են եղել իրազեկվածության բարձրացմանը և դիմակայունության ուժեղացմանը՝ ակտիվ համագործակցության միջոցով առողջապահական նպատակների իրականացման համար։
Ընդգծվել է, որ համավարակները պահանջում են ժամանակին և շարունակական առաջնորդություն, գլոբալ համերաշխություն և բազմակողմանի հանձնառություն, և Հայաստանը պատրաստակամ է շարունակել իր ներդրումը այս կարևոր գործընթացում՝ սերտորեն համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ ապահովելու նշանակալի արդյունքներ, որոնք կուժեղացնեն համաշխարհային հանձնառությունը և կնպաստեն ապագա համավարակների կանխարգելմանն ու արձագանքմանը ավելի պատրաստ աշխարհ կառուցելուն։