Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերստին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կորստյան պատճառը Պրահայի «ապուշ փաստաթուղթն» է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է՝ դրա համար չունենալով Արցախի ժողովրդից իրեն տրված լիազորություն:
Քոչարյանը, հավանաբար, նկատի ունի 2022թ. ապրիլին 14-ին Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների ընդունած հայտարարությունը, որ, իրոք, Հայաստանի վարչապետին զրկել է Արցախի կարգավիճակի հարցով երկկողմ կամ բազմակողմ բանակցություններ վարել և ընդհանրացրել, որ «Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի լինելու»:
Թռուցիկ նկատենք, որ եթե Փաշինյանը Արցախի կարգավիճակի հարցով բանակցություններ վարելու իրավունք չուներ, ապա դրանից չի հետևում, եթե Հայաստանի քաղաքացուց ստացած լեգիտիմության բերումով չէր կարող Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու մասին հայտարարություն ստորագրել: Պրահայի փաստաթուղթը միայն դրա մասին է, ոչ թե՝ Արցախի Ադրբեջանի կազմում գտնվել – «չգտնվելու»:
Բայց եկեք իրադարձությունների ընթացքին հետևենք խորքից: Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարությունից երկու ամիս անց՝ 2021թ. հունվարի 11-ին, Ռուսաստանի նախագահ Պուտինը Կրեմլ է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Այդ մասին տեսագրությունը և տեքստային ընդարձակ հաղորդագրությունը դեռևս «կախված» է Կրեմլի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքերում:
Ի՞նչ է անմիջապես աչքի զարնում: Խոսելով իրավիճակի մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հղելով «մի անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչի ասածին», ընդգծում է, որ «ղարաբաղյան հակամարտությունը լիովին սպառված է, եկել է ժամանակը, որպեսզի մենք Հայաստանի հետ մտածենք բոլոր կոմունիկացիաները բացելու և տնտեսական համագործակցությունը վերականգնելու միջոցով բարիդրացիության հաստատմանը»:
Ռուսաստանի նախագահ Պուտինը Իլհամ Ալիևի ձևակերպմանը, որ «ղարաբաղյան հակամարտությունը լիովին սպառված» է, ոչ մի առարկություն չի արել, նույնիսկ չի ակնարկել, որ թեև պատերազմն ավարտված է, բայց ղարաբաղյան հակամարտությունը իրավական եւ քաղաքական առումներով մնում է չկարգավորված:
Ավելին, այդ հանդիպմանը հեռավար մասնակցող՝ ԼՂ-ում ռուսաստանյան զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին նա հորդորել է Լաչինի և Աղդամի շրջաններում մնացած հայ բնակչության կենսագործունեության հետ կապված հարցերը «քննարկել կողմերի հետ»:
Ի՞նչ է հասկացվում այս ձևակերպումից: Վստահաբար կարելի է եզրակացնել, որ Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպմանը Իլհամ Ալիևը բարձրացրել է Լաչին քաղաքում և հարակից երեք բնակավայրերում «ապօրինի բնակվող հայերի տարհանման հարցը», ինչին, որքանով հասկացում է Մուրադովին տրված Պուտինի «հանձնարարականից», Ռուսաստանի նախագահը սկզբունքորեն չի առարկել:
Մոսկովյան այդ հանդիպումից չորս օր հետո Իլհամ Ալիևը 2021թ. հունվարի 15-ին առաջին անգամ մուտք է գործել Շուշի: Իհարկե, դա տեղի է ունեցել ԼՂ-ում ռուսաստանյան զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ:
Ալիևը մտել է Շուշիի վարչակազմի ղեկավարի առանձնասենյակ և հայտարարել, որ «չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ղարաբաղյան խնդիր, իսկ ով այդ մասին հիշեցնի, կարժանան երկաթե բռունցքի հարվածի»:
Գիտակից և դատողունակ բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ Ստեփանակերտի իշխանական վերնախավում, պարզ էր, որ եթե Ալիևը չունենար Պուտինի համաձայնությունը, ապա ընդամենը երկու շաբաթ առաջ իրենց տները վերադարձած տասնյակ հազարավոր հայերին «երկաթե բռունցքի» նոր հարվածներով չէր սպառնա:
Արժե, թերևս, հիշեցնել, որ նույն այդ օրերին Հայաստանի ընդդիմությունը «Փրկության շարժում» էր սկսել և զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը ճանաչել «անվերապահ կապիտուլյացիա»: