
Լիբանանի ԱԳՆ-ն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել: «Լիբանանը հետ է կանչում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի հավատարմագրման համաձայնությունը և նրան հայտարարում է պերսոնա նոն գրատա», – ասվում է նախարարության կողմից X-ում տարածված հայտարարության մեջ:
Իրանցի դիվանագետը պետք է լքի Բեյրութը ոչ ուշ, քան մարտի 29-ը։ Փաստաթղթում որպես այս որոշման պատճառ նշվում է Թեհրանի կողմից «դիվանագիտական նորմերի և պետությունների միջև շփման հաստատված պրակտիկայի խախտումը»։
Ավելի վաղ ԱԳՆ գլխավոր քարտուղար Աբդել Սաթար Իսան հայտնել էր, որ Թեհրանում Լիբանանի դեսպան Ահմեդ Սուվեյդանը «հետ է կանչվել խորհրդակցությունների համար»:
Մարտի 5-ին Լիբանանի կառավարությունը պահանջել էր, որ ուժային կառույցները վճռական գործողություններ ձեռնարկեն երկրում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեությունը զսպելու համար: Տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը հայտարարել էր, որ համապատասխան մարմիններին հանձնարարվել է ստուգել երկրում ԻՀՊԿ տարրերի ներկայությունը և «անհապաղ քայլեր ձեռնարկել նրանց ռազմական ակտիվությունը կասեցնելու համար»: