Մերձավոր Արևելքում պատերազմը փոխել է տարածաշրջանի թռիչքների լանդշաֆտը՝ բարձրացնելով ավիատոմսերի գները, հայտնել է BBC-ն։
Ճանապարհորդները դժվարանում են գտնել լավ գործարքներ արդեն իսկ զբաղված սեզոնի պայմաններում. ավիաընկերությունները կրճատում են երթուղիները և բարձրացնում գները՝ փորձելով փոխհատուցել վառելիքի աճող ծախսերը, գրում է Market Watch-ը։
Հակամարտության սկզբից ի վեր ավիափոխադրումները «կաթվածահար» են, չեղարկվել է Մերձավոր Արևելք ավելի քան 52 000 չվերթ, նշել է The Week-ը։ Սա, ըստ լրատվականի, տեղի է ունենում ավիաընկերությունների ծախսերի աճի ֆոնին, և տարածաշրջանում զբոսաշրջությունը գործնականում կանգ է առել։ Պարսից ծոցի ավիափոխադրողների համար սա կարող է հանգեցնել «զգալի» ֆինանսական և հեղինակության վնասի։
The New York Post-ը, հղում անելով United Airlines-ի գործադիր տնօրեն Սքոթ Քիրբիին, մարտի 20-ին հրապարակված աշխատակիցներին ուղղված հուշագրում նշել էր, որ ընկերությունը մոտ 5%-ով կնվազեցնի հզորությունները՝ կրճատելով ավելի քիչ շահութաբեր երթուղիները։ Նրա խոսքով՝ ավիաընկերությունը պատրաստվում է վառելիքի բարձր գների երկարատև ժամանակահատվածի. նրա հաշվարկները ենթադրում են նավթի գների 175 դոլար՝ մեկ բարելի համար, և կանխատեսումներ կան, որ դրանք կարող են մնալ 100 դոլարից բարձր մինչև 2027 թվականի վերջը։
Reuters-ը, հղում անելով բրիտանական EasyJet ավիաընկերության գործադիր տնօրեն Քենթոն Ջարվիսին, նշել է, որ ավիաընկերությունը կնպատակաուղղվի ավելի բարձր գների, երբ ամռան վերջին լրանա վառելիքի ապահովագրության պայմանագիրը։
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Իրանի և Պարսից ծոցի վրայով անօդաչու թռչող սարքերը և հրթիռներն ստիպել են ուղևորատար ինքնաթիռներին երկարաձգել իրենց երթուղիները և թռչել ավելի անվտանգ, բայց գերբեռնված օդային տարածքով։ BBC-ի տվյալներով՝ հիմնական տարանցիկ երթուղիներն անցնում են Եգիպտոսով և Վրաստանով։
Euronews-ի տվյալներով՝ սակագները փոխած ավիափոխադրողների թվում են Cathay Pacific-ը, AirAsia-ն, Thai Airways-ը և այլն։ Շատ ավիաընկերություններ բարձրացրել են արժեքները վառելիքի գների կտրուկ աճի ֆոնին. Cathay Pacific-ը կրկնապատկել է վառելիքի լրացուցիչ վճարները և թարմացրել մարտի 18-ից ուժի մեջ մտնող սակագները, AirAsia-ն ժամանակավորապես բարձրացրել է տոմսերի գները և վճարները, Thai Airways-ը 10-15%-ով, Qantas-ը և SAS-ը կատարել են ճշգրտումներ, իսկ Air New Zealand-ը էկոնոմ դասի սակագները բարձրացրել է 10-90 նորզելանդական դոլարով՝ կախված չվերթից: Որոշ ավիափոխադրողներ, այդ թվում՝ Lufthansa-ն և Ryanair-ը, ֆիքսել են գները վառելիքի ապահովագրության միջոցով։
34travel-ը հայտարարել է, որ մի շարք ավիաընկերություններ նույնպես չեղարկել են չվերթերը, այդ թվում՝ SAS-ը, Finnair-ը, ITA Airways-ը, KLM-ը, Lufthansa-ն, Austrian Airlines-ը, Swiss-ը, Brussels Airlines-ը, Wizz Air-ը և AirBaltic-ը։
Ճանապարհորդության և տուրիզմի համաշխարհային խորհրդի (WTTC) տվյալներով՝ Իրանի շուրջ սրվող հակամարտությունն արդեն իսկ զբոսաշրջության ոլորտին արժենում է օրական առնվազն 600 միլիոն դոլար՝ միջազգային զբոսաշրջիկների ծախսերի կրճատման, պահանջարկի անկման, օդային ճանապարհորդությունների խափանումների և տարածաշրջանում օդային տարածքի փակման պատճառով։
Եվրոպական Միության ավիացիոն անվտանգության գործակալությունը խորհուրդ է տվել ավիաընկերություններին խուսափել Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքից։ Խորհրդատվությունը երկարաձգվել է մինչև մարտի 27-ը։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
