24 մարտի 2026 – 12:59 AMT
PanARMENIAN.Net – Դատախազը որոշում է կայացրել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը:
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի մարտի 18-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին»,- հայտնել են Դատախազությունից:
Վերը նշված դրույթով նախատեսվում է, որ քրեական հետապնդում չի կարող սկսվել, իսկ արդեն սկսված վարույթը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն վերագրվող արարքը:
Օրեր առաջ Արմինե Օհանյանին հրավիրել էին Քննչական կոմիտե՝ 2025-ի տարեվերջին «Հրապարակ» օրաթերթում նրա գրած խմբագրականի համար: