24 մարտի 2026 – 14:00 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ն երբեք չպետք է ունենա տարածքային պահանջներ և չունի տարածքային պահանջներ իր հարևանների նկատմամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքին, թե հիմա տարածաշրջանում լարված իրավիճակ է, պարզ չէ՝ առաջիկայում ինչ կարգեր կհաստատվեն, և եթե լինի հնարավորություն ու առիթ, պետք է օգտվել դրանից:
Նա հավելել է, որ պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին, հայտնում է 1lurer.am-ը:
Այս համատեքստում լրագրողի հարցին՝ արդյոք նման հնարավորություն լինելու դեպքում պետք է օգտվել դրանից, Ալեն Սիմոնյանը արձագանքել է, որ միանշանակ ոչ՝ երբեք, ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի պարագայում։
«Շատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում, ու դրա համար վաղը, մյուսը օրը իր խոսույթի համար այստեղ չի հայտնվելու: Իր երեխանե՞րն են գնալու՝ կռվեն: Կամ ի՞նչ է՝ դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից կամ որևիցե մեկի՞ց:
Ո՛չ, մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին: Հավերժ թշնամությո՞ւն… Ի՞նչ դիվանագիտություն: Լսեք, հորով-մորով արե՞ց ՀՀ-ն 10 տարի իր իշխանության օրոք, թե՞ ինքը հարստացավ: ՀՀ-ն 29,743 քառակուսի կիլոմետր շենացրե՞ց, վերականգնե՞ց, ուժեղացրե՞ց, թե՞ «գույք՝ պարտքի դիմաց» տվեց… և Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի: Հիմա էլ պիտի…Ինքը նման բա՞ն է ասել: Հավատս չի գալիս: Խայտառակություն է, անընդունելի է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նման խոսույթը վտանգավոր է Հայաստանի համար։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե 2020-ին իրենք լինեին իշխանության, պատերազմ չէր լինի, եթե 2021-ին իրենք ընտրվեին, Ղարաբաղը չէր դատարկվի։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ իրենք «ռևանշիստական նկրտումներ չունեն»:
«Նման բան տարածում են, որովհետև այլ բան տարածելու չունեն»,-ասել է նա: