24 մարտի 2026 – 18:26 AMT
PanARMENIAN.Net – 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը չհրապարակելը քաղաքական որոշում էր, հայտարարել է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ:
«Իրական բացահայտման պարագայում առաջին մեղադրյալները պետք է լինեին երկրի առաջին դեմքերը, ներառյալ նրանք, ովքեր մասնակցում էին այս պրոցեսին, իբրև կազմակերպիչներ, իրականացնողներ»,- ասել է պատասխանելով հարցին, թե ինչու չի հանրայնացվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ հենց այդ անձինք պետք է առաջին հերթին հայտնվեին քրեակատարողական հիմնարկներում, եթե Հայաստանը գործեր որպես իրավական պետություն և արդարադատության համակարգը իրականում բարեփոխված լիներ։
«Զեկույցի չհրապարակումը քաղաքական որոշում էր, մարդկանց վիշտը, ցավն ուղղակի օգտագործվեց՝ տպավորություն ստեղծելու համար, թե ինչքան ժողովրդավար են, նույնիսկ իրենց ժամանակ տեղի ունեցած պատերազմն են քննում։ Մի խոսքով, ձևական առումով այն, ինչ լավ կարողանում են անել՝ գեղեցիկ փաթեթավորեցին, վերջում մարդկանց, զավակները կորցրած ծնողին ուղղակի ասացին՝ քեզ բան չունենք ասելու, բարի ճանապարհ, սա այս իշխանության պատկերն է՝ ինչ մարդկային վիշտ, ինչ մարդու իրավունքներ։ Ոչ բարոյական նորմերի մեջ են տեղավորվում, ոչ իրավական, ոչ քաղաքական, այս մարդիկ ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։
Այս մարդը մերժման ենթակա է, ամեն հաջորդ քայլն ուղղակի մեզ բերելու է ավելի լուրջ խնդիրներ, ամենօրյա ռեժիմով բախվելու ենք ավելի ծանր խնդիրների»,- ասել է իրավապաշտպանը։
Մի խումբ հասարակական գործիչներ, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներ հավաքվել են ԱԺ շենքի դիմաց՝ պահանջելով հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։