Օտարերկրացի կինը ոստիկաններին հայտնել է, որ տաքսիով հասել է ՀՀ սահման, այն հատել ոտքով, սակայն տաքսիստը հափշտակել է իր ճամպրուկը ու հեռացել

Տաքսիստի կողմից հափշտակած ճամպրուկում եղել է 9 հազար դոլար, 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Մակբուք» և մոտ 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տարբեր տեսակի շղթաներ, թևնոցներ, մատանիներ, մոտ 160-170 գր․ ոսկյա զարդեր


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Օտարերկրացի կինը ոստիկաններին հայտնել է, որ տաքսիով հասել է ՀՀ սահման, այն հատել ոտքով, սակայն տաքսիստը հափշտակել է իր ճամպրուկը ու հեռացել, հայտնում է shamshyan.com-ը։


ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին է դիմել Ղազախստանի քաղաքացի 31-ամյա Կատիրա Կ․-ն և հայտնել, որ մարտի 6-ի ժամը 19։00-ի սահմաններում տաքսի ավտոմեքենայով, որի վարորդը եղել է ոմն Գուգո Ք․-ն, ուղևորվել է Վրաստան, իսկ երբ հատել են ՀՀ սահմանը և հասել Վրաստանի անցակետ, իր ճամպրուկը գտնվել է նշված ավտոմեքենայում, երբ ոտքով անցել է սահմանը, վարորդը չի սպասել իրեն ու հեռացել է՝ հափշտակելով իր ճամպրուկը», – նշված է հաղորդագրության մեջ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օտարերկրացի կինը ոստիկաններին հայտնել է, որ ճամպրուկի մեջ եղել է 9 հազար դոլար, 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «Մակբուք» և մոտ 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ տարբեր տեսակի շղթաներ, թևնոցներ, մատանիներ և այլն, մոտ 160-170 գր․ ոսկյա զարդեր։ 


Կինը ոստիկաններին հայտնել է, որ վարորդ Գուգո Ք․-ն տեղյակ է եղել, որ ճամպրուկում առկա է գումար և ոսկյա զարդեր և դիտավորությամբ հափշտակել է այն՝ պատճառելով ընդհանուր 31 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ 


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գուգո Ք․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 32-ամյա Գուրգեն Ք․-ն։ 


Նշվում է, որ դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a Comment