Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել ծննդկանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել։ Ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ:
Այս մասին «Նովոստի Արմենիա»-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից։
«Բժշկական թիմի կողմից արվել է հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել», – նշվել է ԱՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է:
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական կոմիտեի հետ զրույցում «Նովոստի Արմենիա»-ին հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«2026 թվականի մարտի 22-ին ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)», – նշվել է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: