Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալների թիվն ավելի է եղել կալանավորվածներից

Վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալների թիվն ավելի է եղել կալանավորվածներից

23 մարտի 2026 – 15:48 AMT

PanARMENIAN.Net – 2025թ․ տարեվերջի դրությամբ վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել ալանավորված անձանց թվից: Այդ մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Սրբուհի Գալյանը` ներկայացնելով կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները:

Նա նշել է, որ Gallup կենտրոնի 2025 թվականի զեկույցով Հայաստանի ցուցանիշը 2024-ի համար կազմել է 84 տոկոս, ինչը նախորդ տարվա համեմատ աճ է 1 միավորով։ Միաժամանակ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության համաթվում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով դիրքերը 9 կետով, հայտնում է 1lurer.am-ը:

Նախարարի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են նոր Սահմանադրության մշակման աշխատանքները։ Ազգային ժողովը ընդունել է սեփականության օտարման ոլորտի բարեփոխումների փաթեթը՝ ուղղված հանրության գերակա շահերի ապահովմանը։ Խորհրդարանին ներկայացվել են նաև օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նախատեսում են քաղաքացիական և վարչական գործերի քննության հստակ ժամկետներ ու գրավոր ընթացակարգեր։

Նախատեսվել է նաև, որ դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը շարունակվելու է նույն փուլից, ինչպես նաև ներդրվել են ապացույցների ուսումնասիրության ավելի ճկուն մեխանիզմներ։ Միաժամանակ սահմանվել է, որ վարչական մարմինները մինչև 300,000 դրամ պահանջներով դատական ակտերը Վերաքննիչ դատարանում չեն բողոքարկելու, ինչը կնվազեցնի դատարանի ծանրաբեռնվածությունը մոտ 20-30 տոկոսով։

Գալյանը նշել է, որ հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում ՏՀԶԿ Ստամբուլյան ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի 9 ցուցիչներից 6-ում գրանցվել է էական առաջընթաց։ Նա նաև ընդգծել է, որ շարունակվել են աշխատանքները ԵԽ ԳՐԵԿՈ-ի 5-րդ փուլի 22 հանձնարարականների կատարման ուղղությամբ։

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների համատեքստում նախարարն ընդգծել է, որ պրոբացիայի ծառայությունը ձեռք է բերել 759 էլեկտրոնային հսկողության սարքավորում, որոնցից 459-ը կիրառվում են էլեկտրոնային հսկողության, իսկ 300-ը՝ վարչական վերահսկողության համար։

Նշվել է նաև, որ բարելավվել են քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանները և անցկացվել են վերապատրաստման ծրագրեր։

Նիստի ընթացքում նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, իսկ ներկայացված զեկույցը ընդունվել է ի գիտություն։

Leave a Comment