ՀՀ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արցախի ֆոնին լուսանկարված արցախցիներին

ՀՀ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արցախի ֆոնին լուսանկարված արցախցիներին

23 մարտի 2026 – 16:04 AMT

PanARMENIAN.Net – Օրեր առաջ 3 արցախցի բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին լուսանկարվելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:

Վերադառնալիս նրանց կանգնեցրել են ԱԱԾ ծառայողները, սահմանափակել տեղաշարժը և առգրավել հեռախոսները՝ թույլ չտալով կապ հաստատել փաստաբանի հետ։

Տղաները շինաշխատանքների են մասնակցել Տեղ և Գորիս համայնքներում:

«Մեկ-երկու ժամ հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Բավարարվել են նախազգուշացմամբ, բայց նրանց հեռախոսները փաստացի խուզարկության են ենթարկվել առանց դատարանի որոշմա: Լուսանկարվելու պատճառի մասին հարցին ի պատասխան նրանք ասել են, որ այդպիսով փորձել են կարոտն առնել, առանց որևէ այլ նպատակի։ Ի պատասխան ոստիկանության փոխգնդապետն ասել է, թե եթե կարոտ էիք քաղում, հենա գնացեք հանձնվեք և այդ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»,- ասել է Երիցյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a Comment