23 մարտի 2026 – 16:58 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում ապօրինի շրջանառությունից հանվել է ավելի քան 4 կիլոգրամ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Կապանում ձերբակալվել է օտարերկրացի 41-ամյա տղամարդ, որը փորձել է Երևան տեղափոխել մաքսանենգ ճանապարհով ներմուծված թմրամիջոցներ։ Նա կալանավորվել է:
«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրել են մարտի 16-ին։ Ըստ տվյալների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդը, նախնական պայմանավորվածությամբ իր 40-ամյա համերկրացու հետ, Մեղրի-Կապան ավտոճանապարհից վերցրել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներով փաթեթներ ու մեքենայով ուղևորվում էր Երևան։ Տղամարդը Կապանում հայտնաբերվել և ձերբակալվել է։
Նա ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կշռող մեթամֆետամինով երեք փաթեթ, մեկ կիլոգրամից ավելի՝ հերոինով փաթեթ, ինչպես նաև 34 դեղահաբ։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Նախաքննությունը շարունակվում է: