ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները հինգ օրով, նաև ասել է, որ Իրանը լիովին կոչնչացվի։ Մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հակադարձել է՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի «հաղթում է» հայտարարությունը իրականությունը ցույց է տալիս հակառակը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Թրամփի հայտարարությունը, նաև այն փաստը, որ երկու երկրները վերջնագրերով են միմյանց հետ խոսում։
-Ես կարծում էի, որ ԱՄՆ-ն չի հարվածի, Իրանն էլ՝ ոչ, քանի որ վերջինս խոստացել էր հարվածել արաբական երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, էներգետիկ կենտրոններին և Սև ծովի ջրի աղազրծման գործարաններին, ինչը նշանակում է, որ կառաջանան էներգիայի ու ջրի խնդիրներ, առանց որոնց կյանքը հնարավոր չէ։ Ավելին, Իրանի հեղափոխության պահապան գվարդիայի խոսնակը հայտարարել էր, որ եթե թեթև հարվածեն, ապա արաբական երկրներում լույսը կլինի իրանական հրթիռներից, որոնք կհարվածեն ռազմաբազաներին։ Ինչ վերաբերում է «Իրանը կոչնչացվի» ասելուն, ապա ասեմ, որ դա ուղղակի անիրատեսական է։ Այն միայն ցեղասպանության կոչ է բոլորի համար։ Ինքը ասել է՝ ինչ կլինի, կտեսնենք։ Իհարկե, Իրանը հենց հիմա էլ շատ մեծ վնասներ է կրել, օբյեկտների վրա հարվածներ են հասցվել։ Եվ եթե Իրանը ասում է, որ դիմանում է, նշանակում է՝ շատ ծանր բանի են դիմակայում։ Օրական 1000-ավոր ռումբեր են պայթում և՛ մայրաքաղաքում, և՛ տարբեր շրջաններում։ Սա հնարավոր է տանի նաև երրորդ համաշխարհայինին։
– Ի՞նչ կանխատեսում կա Հորմուզի նեղուցի համար։
-Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ նեղուցը փակ չէ, նեղուցը բաց է բոլոր երկրների համար՝ բացառությամբ թշնամական տրամադրված երկրների։ Իհարկե, երբ արդեն հնչել են սպառնալիքներ, որ կխփեն Իրանի կենսական ենթակառուցվածքներին, առաջին հերթին էներգետիկայի ոլորտի կառույցներին, այդ դեպքում Իրանը հայտարարել է, որ նեղուցը կփակի։ Իսկ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ 48 ժամ ժամանակ է տվել, որ բացեն։ Բայց, ցավոք, նման բան տեղի չի ունենա։ Ըստ իս՝ միգուցե Թրամփը պարզապես սպառնացել է։ Եթե այդպես հեշտ լիներ ամենը, ապա շուտ կլիներ բացումը։ Դրա համար ինքը նաև խնդրում էր Եվրոպային և բոլոր ասիական երկրներին աջակցել, սակայն առնվազն մեծ մասը բացասական պատասխան է տվել։
-Իսկ դուք իրավիճակից ելքը ինչպե՞ս եք տեսնում։
-Գիտեք, դա այնքան բարդ է ասել, որ տարբեր մեծ գիտնականներ նույնիսկ չեն համարձակվում որևէ բան ասել։ Կարծում եմ, որ ի վերջո Թրամփը պետք է այդ վիճակից մի կերպ դուրս գա, քանի որ ԱՄՆ-ին գցել է դժվար կացության մեջ։ Ինքը նպատակ ուներ 2 շաբաթվա ընթացքում ամեն ինչ ավարտել և Վենեսուելայի օրինակով ավելի արևմտամետ իշխանություն բերել, հարցը փակել, բայց հիմա հարցը դրան չի գնում։ Պետք է Իսրայելը և Իրանը գտնեն ելքեր, հատկապես երբ աշխարհի տարբեր երկրներ փորձեր են կատարում բանակցության սեղան բերել կողմերին։
Լիլիթ Աբրահամյան
