23 մարտի 2026 – 12:22 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ իշխանությունը գերիների հարցում «տեղեկատվական բլոկադան ճեղքելու որևէ քայլ չի ձեռնարկում», հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ գերիների թեմայով ուշադրությունը նվազել է, իսկ տեղեկատվական սահմանափակումները դարձել են առավել խիստ։
«Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է։
Թեև ադրբեջանական լրատվամիջոցները իրադարձությունները ներկայացնում էին ընտրովի և խիստ խեղաթյուրված, այնուամենայնիվ լուսանկարները, տեսանյութերը և հայ ռազմագերիների հատվածական խոսքերը որոշակի տեղեկատվություն փոխանցում էին։
Երբ սրան ավելանում է Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակումը, ապա Ադրբեջանում գտնվող հայերի խնդրի շուրջ տեղեկատվական բլոկադան դառնում է առավել ամբողջական։
Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, որովհետև իր օրակարգն ու խնդիրներ լրիվ այլ տիրույթում են:
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,-ասվում է հայտարարության մեջ:
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։