Իրանը սպառնում է ականապատել Պարսից ծոցն իր դեմ ցամաքային հարձակման դեպքում


Իրանի ափի կամ կղզիների վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի զինվորականների գրոհի դեպքում Թեհրանը կսկսի Պարսից ծոցի ականապատումը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Իրանի Պաշտպանության խորհրդում։«Իրանական ափի կամ կղզիների վրա գրոհելու թշնամու ցանկացած փորձ, բնականաբար և ստանդարտ ռազմական գործելակերպին համապատասխան, կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցի բոլոր մուտքի ուղիներն ու հաղորդակցության գծերը, ինչպես նաև ափը կականապատվեն տարբեր տեսակի ծովային ականներով, այդ թվում՝ այնպիսի ականներով, որոնք կարող են արձակվել ափից», – Խորհրդի հայտարարությունը մեջբերում է The Guardian-ը։


Հայտարարության մեջ նշվում է, որ եթե դա տեղի ունենա, ապա Պարսից ծոցը երկար ժամանակով կհայտնվի այնպիսի իրավիճակում, որում այժմ գտնվում է Հորմուզի նեղուցը։Ավելի վաղ The Jerusalem Post-ը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է Իրանի Խարգ կղզին գրավելու ցամաքային գործողության հնարավորությունը։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վերջին օրերին Իսրայելում և այլ երկրներում իրենց գործընկերներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ն այլընտրանք չունի, բացի կղզին գրավելու ցամաքային ռազմական գործողությունը։


Ենթադրվում է, որ կղզու նկատմամբ վերահսկողությունը, ի թիվս այլ բաների, կօգնի կարգավորել նավագնացությունը Հորմուզի նեղուցով։


 


 


 


 


Leave a Comment