23 մարտի 2026 – 12:42 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 19-ին անցկացվել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության նոր օրակարգին առնչվող թեմաներին։ Քննարկումների ընթացքում ներկայացվել է նաև վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը, ներառյալ կարճաժամկետ վիզաների տրամադրման ոլորտում իրականացված աշխատանքներն ու ենթակառուցվածքային ծրագրերը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի հիմնական փուլերը՝ սկսած երկխոսության մեկնարկից մինչև Գործողությունների ծրագրի ստացումը և դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա անդրադարձել է նաև հայկական կողմին տրամադրված ծրագրի բովանդակությանը՝ ընդգծելով սահմանված հենանիշները և դրանց կատարման համար իրականացվող օրենսդրական ու ինստիտուցիոնալ փոփոխությունները։
Նշվել է, որ կարևոր նշանակություն են ունեցել փաստաթղթերի անվտանգության բարձրացման նպատակով իրականացվող ծրագրերը, որոնք իրականացվել են պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով։ Միաժամանակ ներկայացվել են միգրացիայի և սահմանների համապարփակ կառավարման ռազմավարությունների մշակման, ինչպես նաև ապաստանի համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում Արմեն Ղազարյանը նշել է, որ փոփոխությունները միտված են ոչ միայն կառույցի վերաձևավորմանը, այլ նաև ոստիկանության գործունեության ժամանակակից չափանիշների ներդրմանը։
Փոխնախարարն ընդգծել է, որ nերքին գործերի նախարարությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման համար որդեգրել է համակարգված մոտեցում։
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։