Առանձնակի դաժանությամբ սպանության համար ցմահ ազատազրկում է նախատեսված. Գալյանը՝ ծեծից մահացած երեխայի մասին

armtimes.com «Առանձնակի դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»:


 


Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով 1,2 տարեկան երեխայի ծեծի դեպքին ու նման դեպքերը կանխելու կամ մեղմացնելու նպատակով Քրեական օրենսգրքում պատժի փոփոխություններ իրականացնելու մասին հարցին:


 


Գալյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ցմահ ազատազրկումից ավելի խիստ ինչ տեսակ պատիժ կարելի է սահմանել:


 


«Դրանից ավելի ի՞նչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից՝ մահապատի՞ժ նախատեսվի: Ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը մահապատժից զերծ գոտի են, և մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ կոնվենցիան արգելում է մահապատիժը»,- նշել է նա:


 


Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին՝ կեսգիշերից անց, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել էր, սակայն վիճակը շարունակում էր մնալ ծանր: 


 


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 19-ին հայտնել էր, որ դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: 


 


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված է քրեական վարույթ։ Կալանավորվել է երեխայի խորթ մայրը:


Leave a Comment