ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է Խարկ կղզու հնարավոր գրավման մասին, հայտնում է РБК-ն:
Ըստ Jerusalem Post պարբերականի աղբյուրների՝ Վաշինգտոնը Թել Ավիվին նախազգուշացրել է կղզու դեմ հնարավոր ռազմական գործողության մասին:
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Խարկ կղզին օկուպացնելու կամ արգելափակելու ծրագրերը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու և նրան Հորմուզի նեղուցը ապաշրջափակելուն ստիպելու նպատակով: Ընդգծվել է, որ լրջորեն դիտարկվում է կղզու օկուպացման տարբերակը։
NBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, նույնպես հայտնել էր, որ ԱՄՆ-ն արագացրել է ծովային հետևակի և նավաստիների տեղափոխությունը Մերձավոր Արևելք:
Մարտի 14-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զինուժը «Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենահզոր հարվածներից մեկն» է հասցրել Խարկ կղզուն, ինչի հետևանքով այնտեղ բոլոր ռազմական թիրախները ոչնչացվել են: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հերքել էր ամերիկացի առաջնորդի խոսքերը՝ հայտարարելով, որ կղզու նավթային ենթակառուցվածքը մնացել է անվնաս: Թրամփը հետագայում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ավերել է» Խարկը և «զվարճանքի համար» կարող է ևս մի քանի հարված հասցնել:
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել են Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
