Միրզոյան․ Թուրքիայի հետ քննարկվում է բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը

Միրզոյան․ Թուրքիայի հետ քննարկվում է բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը

23 մարտի 2026 – 12:32 AMT

PanARMENIAN.NetԹուրքիայի հետ քննարկվում է բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշել է, որ Թուրքիայի հետ ձևավորվել է դինամիկ և դրական երկխոսություն, որն ուղեկցվում է գործնական քայլերով, հայտնում է 1lurer.am-ը:

Տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու և ճանապարհի գործարկմանը վերաբերող քննարկումներ:

«Կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա իրականացվում է: Գետնի վրա աշխատանքը շարունակվել է, օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ: Այս աշխատանքային խմբի երկու հանդիպում է տեղի ունեցել: Գնացել են, տեղում ենթակառուցվածքները նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից:

Նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է, և իրավական հիմքերն են հստակեցվում, կամ մեխանիզմներն ենք փորձում հասկանալ, օրինակ՝ Անիի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորության մասով»,- ասել է նա:

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

Leave a Comment