The New York Times-ի հաղորդմամբ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր լուրջ վնասներ են կրել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ըստ հրապարակման՝ առնվազն 39 էներգետիկ օբյեկտ 9 տարբեր երկրներում վնասվել կամ ոչնչացվել է։
Խոսքը վերաբերում է նավթավերամշակման գործարաններին, գազային հանքավայրերին և այլ կարևոր նշանակության ենթակառուցվածքներին։ Պարբերականը նշում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցման դեպքում հետևանքները երկարաժամկետ կլինեն․ մատակարարումների խափանումները կարող են շարունակվել տարիներով, իսկ նավթի և գազի համաշխարհային հոսքերը արդեն խաթարված են։
Հատկապես մեծ վնասներ է կրել Կատարը։ Ըստ տվյալների՝ երկրի գազի արտահանման հզորությունների շուրջ 17%-ը ոչնչացվել է, ինչը նշանակում է տարեկան մոտ 13 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի կորուստ։ Նշվում է նաև, որ առանձին օբյեկտներում վնասները կարող են հասնել մինչև 20 միլիարդ դոլարի։
Բացի այդ, հարվածների հետևանքով տուժել է նաև հելիումի արտադրությունը, որը կարևոր դեր ունի էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության մեջ։ Փորձագետների գնահատմամբ՝ այս զարգացումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
