Արձանի վերականգնումը խորհրդանշում է 2018-ից հետո Հայաստանի փոփոխությունները․ Փաշինյան

Արձանի վերականգնումը խորհրդանշում է 2018-ից հետո Հայաստանի փոփոխությունները․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Չարենցավանի մերձակայքում գտնվող Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» («Ճանապարհաշինարարները») արձանը խորհրդանշում է 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետը նշել է, որ մինչև 2018 թվականը արձանը գտնվում էր անմխիթար վիճակում՝ փաստացի վերածված մետաղի ջարդոնի։

«Այստեղ, ըստ էության, ոչինչ չկար․ մնացել էին ընդամենը մի քանի մետաղական ձողեր։ Մենք վերականգնեցինք արձանը, որը բարձր գեղարվեստական արժեք ունի և խորհրդային Հայաստանի քանդակագործության կարևոր գործերից է»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ իրականացվել են նաև տարածքի բարեկարգման աշխատանքներ, վերականգնվել է դրա հանրային նշանակությունը, ինչպես նաև ավարտվել է արձանի լուսավորության նախագիծը։

«Այսօր արձանը տեսանելի է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին՝ Չարենցավան-Երևան մայրուղով երթևեկողների համար։ Կարծում եմ՝ արդյունքը բավականին հաջող է»,- նշել է Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ արձանի վերականգնման գործընթացը խորհրդանշական է և արտացոլում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2018 թվականից ի վեր։

Leave a Comment