Մեղրիի ԲԿ-ի փակվելու լուրը աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ խոսնակ

Մեղրիի ԲԿ-ի փակվելու լուրը աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ խոսնակ

Սամվել Կարապետյանի կուսակիցներից մեկն այս կիրակի օրով «ուժեղ» սուտ է հորինել, որը ցավոք, տարածվում է նաև որոշ լրատվամիջոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող:

Շատ կտխրե՞ք, որ ասեմ  նախարար Անահիտ Ավանեսյանի` ոլորտի կառավարման այս շրջանում  Մեղրիի ԲԿ-ում  կտեղադրվի ժամանակակից ԿՏ սարք, կբացվի հեմոդիալիզի ծառայություն, մինչև մայիս կներդրվի շտապօգնության նոր որակի ծառայություն, կառուցվում  է դիահերձարանի մասնաշենքը, սարքավորումներով հագեցել են գրեթե բոլոր բաժանմուքները, մեկ ծնունդի դիմաց փոխհատուցվող գումարը, ի տարբերություն այլ համայնքների, Մեղրիի պարագայում փոխհատուցվում է 2 գործակցով (2х):

Ի դեպ, նոր բուժկենտրոն ենք նախատեսում կառուցել Գորիսում, առաջիկայում կբացենք Սիսիանի մարզային նշանակության ԲԿ-ն, Կապանում վերանորոգման փուլում է պոլիկլինիկան, Կապանի ԲԿ-ն հագեցվել է նոր ԿՏ-ով , առաջիկայում կունենա մամոգրաֆի կաբինետ և այդպես շարունակ…

Ավելին` այս տարի շահագործման կհանձնվեն համայնքային 29 ամբուլատորիաներ, որոնք գրեթե կապ չեն ունենալու «գյուղի ամբուլատորիա» ասված մինչ այժմ մեր տեսածի հետ։ Հարգելի´ ընդդիմախոսներ, չարախնդալու առիթ չե՞ք գտնում: Դուք` չգիտեմ, բայց մեղրեցիներս լավ ենք հիշում ոչ վաղ անցյալի Մեղրի ԲԿ-ի «կառավարման էպոխան»»,- նշել է նա:

Leave a Comment