21 մարտի 2026 – 14:12 AMT
PanARMENIAN.Net – Եթե գործարար Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված «վերադարձնելու էին, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին», ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը դատական նիտի մեկնարկից առաջ։
Հայաստանի վարչական դատարանը մինչև մայիսի 25-ը ժամանակ է հատկացրել ՀԷՑ-ի և պետական մարմինների միջև քննարկումների համար, այդ պատճառով ընկերությունը գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարիչի միջնորդությունը չի քննվել։ Ղազինյանին զարմանալի է համարել, որ կառավարիչն ու մյուսները դատարանի որոշումից տեղյակ չէին, հայտնում է Panorama.am-ը:
Ղազինյանն ասել է, որ իրենք հակված չեն բանակցությունների, քանի որ բանակցելու եզրեր չեն տեսնում։
«Արբիտրաժում գործը գտնվում է քննության փուլում, այստեղ արդեն զանգովի արդարադատությունը չի գործի։ ՀԷՑ-ի գործը որպես այդպիսին դառնում է դասագրքային գործ, թե ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, ինչպիսին չպետք է լինի դատարանը։ Այստեղ մենակ ՀԷՑ-ի խնդիրը չէ, եթե հիշում եք, Սամվել Կարապետյանն ասել էր, թքած ունեմ ՀԷՑ-ի վրա որպես գույք։ Ասել եմ ու էլի կրկնում եմ, եթե Սամվել Կարապետյանը 1 սմ հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը փաթեթավորված վերադարձնելու էին, մի քանի անգամ էլ ներողություն խնդրեին։ Այստեղ խնդիրը ներդրումային միջավայրի, պետական կառավարման մասին է, իրենք շատ լավ հասկանում են, որ ներդրողներին ուղղակի ասում են՝ չգաք այստեղ»,-ասել է Ղազինյանը։
Նա հստակեցրել է, որ ՀԷՑ-ի պետականացում չկա, տեղի ունեցածն այն խլելու փորձեր են։
Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: