Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկամյա երեխան մահացել է։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեցին Արաբկիր ԲԿ-ից։
«Այսօր արձանագրվել է երեխայի մահը։ Նա մարտի 16-ից մեզ մոտ էր։ Ամբողջ ընթացքում վերակենդանացման բաժնում էր»,- ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Տիգրանուհի Հարությունյանը։
Մարտի 16-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական տղա։ Իրավապահներն Armenia Today-ին հայտնել էին երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ «Արաբկիր» բժշկական համալիրից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ մարտի 18-ի դրությամբ՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ հավելելով, որ երեխան դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։
Մարտի 20-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ երեխայի սպանության փորձի գործով բացի խորթ մորն առաջադրված մեղադանքներից որպես մեղադրյալ կներգրավվի նաև նրա հայրը։ Սարգսյանը չէր բացառել գործով ընտանիքի մյուս անդամներին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։
