Ֆիշինգ և սիրային նամակագրություն. իրավապահները բացահայտել են առցանց խարդախությամբ զբաղվող խումբ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել է անդրազգային հանցավոր խմբի հայտնաբերման մասին, որի անդամները կասկածվում են սոցիալական ցանցերի և ծանոթությունների հավելվածների միջոցով իրականացվող համակարգչային հափշտակությունների մեջ, հայտնել են նախարարությունից։

Ըստ իրավապահների՝ խմբի անդամները թիրախավորված անձանց հետ մտել են սիրային նամակագրության մեջ և հոգեբանական ներազդման ու կեղծ ֆիշինգային կայքերի միջոցով զոհերից գումարներ կորզել:

Իրավապահ մարմինները խմբի անդամներին հայտնաբերել են Երևանում վարձակալված բնակելի շինության նկուղային հարկում, որը կահավորված է եղել որպես գրասենյակ և զինված հատուկ տեխնիկայով:

Իրավապահները մարտի 17-ին իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում առգրավվել են համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա հեռախոսաքարտեր և հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ:

Քննությամբ պարզվել է, որ խումբը գործել է «Romantic Scam» մեթոդով. Telegram և WhatsApp հարթակներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ՝ ներկայանալով որպես բարետես արտաքինով կանայք:

Շահելով քաղաքացիների վստահությունը՝ նրանց ուղղորդել են դեպի կեղծ առցանց գնումների հարթակներ, որտեղ զոհերը կատարել են վճարումներ: Հափշտակված միջոցները միջնորդների օգնությամբ կանխիկացվել են արտերկրում և փոխակերպվել կրիպտոարժույթի:

Ներկայումս նախաքննությունը շարունակվում է՝ խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ներքին գործերի նախարարությունը խոշորամասշտաբ հանցավոր խմբավորում էր բացահայտել նաև մարտի 9-ին։ Նախարարությունը զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։

Leave a Comment