Նժույգ, լող, ֆոքսթրոթ…
Քչերը ունեին համարձակությունը ստալինյան բռնապետության տարիներին չդավաճանելու Չարենցի, Թոթովենցի և մյուսների մտերմությունը: Արուսը նրանց շարքում էր: Նա առանց երկմտելու թաքցրել էր նրանց մասունքները, ընծայագրված գրքերը իր տան պահարանի խորքերում: Քչերը կարող էին, թեք նստած նժույգին, սլանալ Շուշիի Կատարոտի կամ Ջդրդուզի լայնարձակ ազատության մեջ: Արուս Ոսկանեանը նրանցից մեկն էր: Ո՞ր մի կինը Արուսի պես լողազգեստով, 20-րդ դարի տասականներին՝ ի տես օտար աչքերի կարող էր բարձունքից նետվել Քուռի հոսանքի մեջ: Մարմարայի տաք ջրերում մեծացած այս կնոջ պես ո՞վ էր կարողանում լողալ Սևանի, այն ժամանակ դեռ կղզու, շրջագծով: Թերևս միայն դերասան Վաղարշ Վաղարշյանի՝ ևս Միջերկրականի համն առած կինը՝ Աղավնին: Մի անգամ, նրանց լողին հետևում էր թատերագետ Ռուբեն Զարեանը: Ոնց էր ափսոսում լողալ չիմանալու համար: Բայց կանայք այնքան հեշտ էին հաղթահարում ջրի դիմադրությունը, այնքան թեթև, սիրուն էին լողում, որ Զարեանը մտածեց՝ եթե նրանք դա անում են, ուրեմն՝ մի բարդ բան չի: Եվ ինքն էլ նետվեց ջուրը… Մեր թատերագիտությունը մեծ կորուստ կունենար, եթե Արուսը չկասեցներ նրա սրընթաց անկումը դեպի Սևանի հատակը: Ո՜նց էին Գրողների հանգստյան տանը ամառն անցկացնող հայտնիները հետևում Արուսին ջրում, ափին՝ արևայրուք ստանալիս: Մի անգամ, փաթաթված խալաթով, ափից վերադանալիս՝ Արուսին բռնեցնում են մի խումբ գրողներ: Ավ. Իսահակեանը՝ թե լա՞վ սևացար արևի տակ, Արուս ջան: Արուսը՝ կամակոր, սկսում է արձակել գոտին՝ արևայրուքը ցույց տալու համար, Իսահակեանը կանխում է՝ «պետք չէ, գիտես, գեշ խասյաթ ունիմ»՝ Արուսի մարմինը տեսնելու կարոտով թողնելով Նաիրի Զարեանին և մյուսներին: Շատ դժվար էր դիմանալ Արուսի հմայքին: Ով ասես, որ չէր տարվում նրանով՝ ահելներ ու ջահելներ, աշխարհիկներ և կոչումով «չ»արշխարհիկներ: Վահրամ Փափազեանը հիշում է, թե ինչպես, Շուշիում հյուրախաղերի ժամանակ Հայր «սուրբը», չակերտները Փափազեանինն են, որ չէր գալիս թատրոն՝ ներկայացումները դիտելու՝ հասարակության առջև կրոնական պատշաճությունը կամ ձևականությունը պահպանելու համար, ճաշի հրավիրեց երկուսին.«…դեսերտին՝ «սրբազանը», որը ավելի շուտ աչքերով ուտում էր Արուսին, քան իրար հաջորդող համեղ ուտելիքները, դեն շպրտեց վեղարը և թևանցուկ ինձ ու Արուսին առաջնորդեց իր առանձնասենյակը, ուր Արուսին տեղավորեց դաշնամուրի առջև: Կուսակրոնը մի երկու շրջան կինտաուրի և մի երկու րոպե թարաքյամա պարելուց …հետո, իմ թելադրությամբ սկսեց Արուսի հետ ֆոքսթրոթ պարել…հազիվ կարողացա մի կերպ վերջ դնել այդ միստիկական իդիլիային…»: Բայց Փափազեանն էլ հետաքրքիր մարդ է, ինչո՞ւ սադրեց խեղճ կրոնավորին:
«Max Factor-ի մաքիյաժ» Արուսի համար
1936 թվականին, պետական ահաբեկչության շրջանին, Արուսը Ավետիք Իսահակեանի միջոցով նամակ է ուղարկում Փարիզ՝ դերասան, արդեն հռչակ ձեռք բերած դիմահարդար, Առաջին Հանրապետության շրջանին Երևանի պարետ,վերջապես, գեղեցիկ տղամարդ Արշավիր Շահխաթունուն: Վաղուց Արշավիրը նամակ չէր ստացել իր Հայրենիքից, Հայաստանի լավ օրերի իր ընկերներից: Ապրում էր Փարիզում ուներ հռչակ, փող, բայց միտքը, սիրտը զբաղված էր Հայաստանով: Պատասխանը չի ուշանում. «…տասնևվեց տարուայ իմ գաղթականութեան մէջ առաջին տողերն են և միակ տողերն որ իմ հեռու դերասան ընկերներից կը ստանամ: Կը հասկընաս որ Աշօն, որ բոլորին լաւ ընկերն է եղել, բոլորին սիրել է, տասնևվեց տարի է որ ոչ ոք չի յիշել և ոչ ոք մի տող չի գրել նրան, չնայած որ շատերին գրել եմ ես…թէ ի՞նչ եմ արել ես իմ ընկերներին, որ այդպէս մոռացան ինձ-ես այդ չգիտեմ…»: Կերպարանափոխության հրաշագործի համբավ ձեռք բերած Ա.Շահխաթունին, Փարիզից անգամներ ՀՕԿ-ի՝ Հայաստանի օգնության կոմիտեի միջոցով դիմահարդարման նյութերի հավաքածուներ էր ուղարկել Հրաչյա Ներսիսեանի, Մկրտիչ Ջանանի , Հասմիկի, Հովհ. Աբելեանի համար: Հիմա գրում է Արուսին՝ «Իմ սիրելիս…մի մեծ ճանապարհորդական պայուսակ լի մաքիյաժով պետական թատրոնի համար եմ ուղարկել, մի փոքր պայուսակ մասնաւոր քեզ համար, որի մէջ ամէն տեսակ ներկեր և պիտոյքներ, մի արկղ, աւելի փոքր Պօղոս Մակինցեանի կնոջ համար:…Իմ անուշիկ Արուս, խոնարհաբար խնդրում եմ քեզ և այն բոլոր իմ ընկերներին և ոչ ճանաչած իմ նոր դերասաններին, առանց քաշուելու վստահօրէն գրէք ոչ նամակ ինձ, այլ պատուեր թէ ի՞նչ է հարկաւոր ձեզ թատրոնական պիտոյքներից:…Ես ուզում եմ քեզ ուղարկել եւս ամերիկեան Մաքս Ֆաքթորի մաքիյաժ, որ լավագոյնն է համարւում հիմա …»:

Նորային
Նորան Արուսն էր: Ոչ միայն Իբսենի «Տիկնիկների տունը» թատերգության մեջ՝ բեմում, այլև Մագադանից եկող հատուկենտ նամակներում: Իր երկրորդ ամուսնուն՝ պետական աշխատող Ցոլակ Պարզեանին աքսորել էին 1937-ին: «Ժողովրդի թշնամին» Երևան ուղարկած նամակներում, ապահովական նկատառումներով Արուսի անունը չէր տալիս, գրում էր Նորա: Այդ թվականներին օրագրային գրառումներ չկան, թերևս միայն թատրոնի հետ կապված հիշատակումներ: «Շրջապատս, մթնոլորտը այնքան են ինձ ճնշում…: …Ծանր, դաժան օրեր տեսա, մանավանդ 37 թվից հետո: …Տանջանքների և հիասթափությունների շարանը չեմ ցանկացել գրի առնել…»: Ոմանք սկսեցին խուսափել Արուսից: Ուրիշներն էլ կողքին մնացին: 1938-ի Դեկտեմբեր 31-ին Ավետ Ավետիսեանը Արուսին տարավ իրենց տուն՝ ընկերներով Ամանորը նշելու, տրամադրությունը մի քիչ փոխելու համար: Թիֆլիսում էլ Սուրեն Քոչարեանը՝ իր նոր գնած մեքենայով, Արուսին «փախցրեց» իրենց տուն՝ ճաշի: «Մի լավ խմեցի»: Շատ բան փլուզվեց ստալինյան բռնաճնշումների տարիներին: Պոլսեցի Արուսը, որ երջանիկ էր իր Հայրենիքում լինելու, իր արվեստով նրան ծառայելու համար, ծանր էր զգում այլևս: Իր լավ ընկերներից քանիսին կործանեց ռեժիմը,և իր համար որքան անծանոթ մարդիկ աքսորվեցին և սպանվեցին… անմեղ մարդիկ… Չարենցը, Ջանանը, Թոթովենցը, Աղասի Խանջեանը, Ա.Բակունցը, իր ամուսինը և էլի 100 հազարներ…: Երբ սկսվեց 2-րդ պատերազմը, դիմեց ճակատ մեկնելու համար: Մերժեցին: Գրիգոր Հարությունեանին՝ կենտկոմի 1-ին քարտուղարին նամակ գրեց՝ տարօրինակ խնդրանքով, իրեն կոլտնտեսություն ուղարկել: Ուզում էր ֆիզիկական, ծանր գործ կատարել ռազմաճակատի համար և այդպես հատուցել իր պարտքը: Բայց թույլատրվեց միայն արվեստով ծառայությունը. համերգներ զինվորների համար: Ուժերի լարումով ուրախ ձևացած, հանդիպում էր նաև փոքրիկներին և զրուցում նրան հետ: «…ի՞նչ է սպասվում նրանց, ամեն մեկին, ոմանք պետք է հարազատներ կորցնեն, ոմանք գուցե նորից տեսնեն յուրայինների հաղթական վերադարձը …ո՞վ գիտե… հիշեցի մանկությունս.. իմ այդ տարիքում իմ կամ ծնողներիս մտքով կ՛անցներ երբևիցե, որ իմ կյանքը պիտի այսքան տարօրինակ դասավորվեր»:

Զգացողություն
1943 հունվար 1-ին իր օրագրում գրեց, թե՝ չգիտես ինչու հավատում է, որ մի մեծ բեկում է լինելու իր կյանքում այդ տարի: Կաղանդի սեղանի շուրջ՝ իր մոր՝ Արաքսյայի, դստեր՝ Սիրանուշի և փեսայի հետ դիմավորում էր նոր տարին՝ չպատճառաբանված հույսով: Հետո գնաց Արարատ կոնյակի գործարանի պատասխանատուներից Մարգար Սեդրակեանենց տուն: Հրավիրված էր: «…նահապետական ընտանիք, երեք սիրուն երեխաներ …կոնյակ ու մուսկատ խմեցի սև մտքերս վանելու համար ու վանեցի: Մի անտեսանելի ծանր լուծ ուզում եմ թոթափել ինձանից. Կամ կ՛անեմ կամ բոլորովին կը կորչեմ»:
Եկավ 1943-ի ամառը: Հունիսի 20-ին ճանաչված մանրանկարիչ Տարագրոսենց այգում քեֆ էր: Ամուսնանում էր Արուսի եղբոր՝ Վարդգեսի աղջիկը: Հանկարծ Արուսը հայտարարեց «թամադան ես եմ» և կառավարեց սեղանը այնպես, ոնց որ փորձառու սեղանապետը կաներ: Հունիսի 29-ին Սունդուկեանի թատրոնում նշանակված էր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» ներկայացումը: Արուսը խաղում էր Ռուքայայի դերը: Նախօրեին բարձր ջերմություն ուներ, բայց բեմ բարձրացավ: Իր անձնական թղթերի մեջ բժշկական բազմաթիվ եզրակացություններ կան դեռ 1926 թվից սկսած: Բժիշկներ Լ.Ադամեանը, Դուբինսկին ժամանակին ախտորոշել էին ըմպան-կոկորդային հիվանդություն, սրտի միասթենիա, գերհոգնածություն: Այս անգամ նրան տեղափոխեցին Երևանի սուր վարակիչ հիվանդանոց… Արուսը հանձնարարեց իր հարազատներին, եթե մահանա, իրեն լավ հարդարեն, չմոռանան դիմափոշին, շրթներկը… Իր կանացի էությունը չէր հանձնվում: Ուզում էր սիրուն մնալ մինչև վերջ: Ի՛նչ իմանար, որ փակ դագաղով են տանելու:
Անդորրագիր N 724
«Մահացել է 1943 թ. 20 Հուլիս: Մահվան պատճառը բծավոր տիֆ»՝ գրված է Երևանի Զագսի կողմից տրված N 724 մահվան վկայականում: 54 տարեկան էր: Բայց պաշտոնական վարկածից բացի կա նաև այլ վարկած: Ըմբոստ, «ժողովրդի թշնամիների», «օտար գործակալների» հետ բարեկամություն արած կին, Մագադան աքսորվածի այրի… : Քաղաքում խոսում էին, թե հիվանդությունը լավ պատրվակ էր այս անսանձ, ճշմարտախոս դերասանուհուց ազատվելու համար, և թե Չեկայի հրահանգով, բժիշկները նրան ինչ-որ բան են ներարկել: Շատ տարիներ առաջ էր. մեծ մայրը՝ դահլիճում նստած, հետևում էր խաղին: Երբ բեմի վրա իր կերտած հերոսուհին թունավորվում և տապալվում է գետնին, ամբողջ դահլիճով մեկ լսվում է նրա ճիչը՝ «Ջուր, ջուր, սա աղջիկը ձեռքներէս կ՛երթա…»: Հիմա իսկապես գնում էր ձեռքից, ինչ իմանաս, գուցե մեծ մայրը հիվանդասենյակի մի անկյունում էր, եկել էր Արուսին նոր աշխարհ տանելու համար: Հուլիս 20-ի ցերեկվա 1:50 էր, երբ ավանդեց հոգին, այդպես էլ չհասցնելով ծերանալ: Նրա աճյունը տեղափոխեցին Սունդուկեանի անվան թատրոն, այնտեղից էլ նորաբաց «Թոխմախ»ի գերեզմանատուն: Արվեստաբան Լուիզա Սամվելեանը հիշում է, որ երիտասարդները, որ պատերազմի պատճառով այնքան քիչ էին Երևանում, նրա դագաղը անհոգնել, բարձր պահած ձեռքերով, ոչ թե ուսերի վրա դրած, տարան մինչև շիրմատուն:

Ռադիոն փչանալու դեպքում զանգել 7-92
Այսպես գրված էր Արուսի նոթատետրում: Այստեղ էր նաև թանթրվենու թուրմ պատրաստելու եղանակը: Հավանաբար օգտագործում էր վիտամիններով հարուստ այս դեղաբույսը, որ ցուցված է շատ տկարությունների բուժման համար, նաև՝ անգինայի: «Бузина (թանթրվենի) եփել թեյի նման: Լցնել մի գդալ մի բաժակ ջրի մեջ»: Նոթատետրում նաև իր աշխատանքային օրակարգն էր՝ չմոռանալու համար՝ 26.05.43 կինո փորձ զգեստով, 28.05.43 նկարահանում, ձայնագրություն ռադիոյում, Կոմայգի՝ երեխաների հետ հանդիպում-զրույց՝ հուլիսի 7-ին: Սա ծոցատետրում վերջին գրառումն էր. 1943թվական Կաղանդի գիշերը հավատում էր, որ մի մեծ բեկում է լինելու իր կյանքում այդ տարի: Այդ բեկումը իր աշխարհափոխ լիներն էր: Բեմական խոսքի իր դասախոսությունների ժամանակ ասում էր. «Ամեն խոսքի մեջ պարունակվում է երկու գաղափար՝ հոգեբանական ենթական և հոգեբանական ստորոգյալը, որոնք հաճախ նույնը չեն քերականական ենթակայի և ստորոգյալի հետ…»:
Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter