ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ նրանց մեղադրելով անգործության և «վախկոտության» մեջ։
Truth Social սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ առանց Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ն «թղթե վագր է»՝ ընդգծելով, որ դաշինքի երկրները չեն ցանկացել ներգրավվել միջուկային զենք ունեցող Իրանի դեմ պայքարում։
Նրա խոսքով՝ ռազմական տեսանկյունից այդ պայքարն արդեն ավարտված է և այլևս լուրջ վտանգ չի ներկայացնում, մինչդեռ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են դժգոհել նավթի բարձր գներից, սակայն չեն մասնակցում Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի կայունացմանը։
Թրամփը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ հնարավոր գործողությունները «պարզ» են և ունեն նվազագույն ռիսկ, սակայն դաշինքի երկրները չեն ցուցաբերում համապատասխան աջակցություն։
«Վախկոտներ, և մենք կհիշենք դա»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նախկինում ևս բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին՝ Իրանի դեմ հնարավոր գործողություններում ԱՄՆ-ին և Իսրայելին բավարար աջակցություն չցուցաբերելու համար։ Միաժամանակ, նա կոչ է արել այլ երկրներին միանալ Հորմուզի նեղուցում իրանական սպառնալիքի չեզոքացման նախաձեռնությանը, սակայն առայժմ որևէ երկիր հրապարակայնորեն չի հաստատել իր մասնակցությունը։