Բրիտանական The Economist ամսագրի հերթական համարի շապիկին հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարը, որտեղ նա պատկերված է գնդակների ծանրությունից աչքերին իջած զինվորական սաղավարտով:
Ամսագիրը նաև վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ Իրանի դեմ Միացյալ Նահանգների արդեն մոտ երեք շաբաթ շարունակվող պատերազմի ամերիկյան «Էպիկական զայրույթ» անվանումը փոխարինվել է «Կույր զայրույթի ռազմագործողությամբ»: Այդ մասին հայտնել է իշխանամետ Turkiye պարբերականը:
Ըստ այդմ, բրիտանացի վերլուծաբանները համարում են, որ Իրանը դեմ «պատերազմը Թրամփին կուրացրել է, և նա կարող է միջազգային մակարդակում կորցնել իր խոսքի նկատմամբ վստահությունը»:
Հեղինակը գնահատել է, որ Թրամփի քաղաքականությունը «հարցերի տեղիք է տալիս անգամ նրա կուսակցության մի շարք հայտնի ներկայացուցիչների մոտ»: Որպես վկայություն բրիտանական ամսագիրը վկայակոչել է փաստը, որ, չնայած իսրայելա-ամերիկյան հավաստիացումներին, թե Իրանի «հրթիռային պաշարները գրեթե սպառված են, Իսրայելը և տարածաշրջանում ամերիկյան ռազմահենակայանները, ինչպես նաև նավթագազային ենթակառուցվածքները վերջին օրերին ավելի ինտենսիվ հարձակումների են ենթարկվել»:
Այս համատեքստում խիստ ուշագրավ է վերջին երեք օրերի թուրք-ադրբեջանական, թուրք-պակիստանյան և պակիստանա-ադրբեջանական բարձր և բարձրագույն մակարդակի շփումների փաստը: Մարտի 17-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայացել են Թուրքիայի և Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի, Պակիստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները:
Մեկ օր հետո թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հեռախոսազրույցը, իսկ մարտի 20-ին Պակիստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Դիվանագիտական բոլոր այս շփումներում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, «ընդգծել քաղաքական միջոցներով այն շուտափույթ լիցքաթափելու անհրաժեշտությունը»:
Թուրքական կողմը, ինչպես արևմտյան հեղինակավոր մամուլն է վկայել, մերժել է Հորմուզի նեղուցի «ապաշրջափակմանը մասնակցությունը»: Անկարան հայտարարել է, որ «հանուն Իսրայելի շահերի սպասարկման սեփական զինված ուժերը փորձության չի ենթարկի»:
Բայց դրանից չի հետևում, թե Թուրքիան Իրանի շուրջ իրավիճակում սեփական շահ չունի: Ադրբեջանի և Պակիստանի հետ ինտենսիվ քննարկումները վկայում են, որ «եռյակ դաշինքը» նախապատրաստական քայլեր է ձեռնարկում:
Խնդիր է, թե դրանք ինչի՞ են նպատակաուղղված: Ամենայն հավանականությամբ, ճիշտ չէր լինի ենթադրել, թե Անկարան, Բաքուն և Իսլամաբադը «մտադիր են հանդես գալ որպես ԱՄՆ-Իսրայել-Իրան բանակցությունների միջնորդ»:
Ավելի շատ տպավորություն է, որ Թուրքիան ձգտում է ստեղծված իրավիճակում դիստանցավորվել Միացյալ Նահանգներից և ընդգծել «ինքնուրույն դերակատարի կարևորությունը»:
Դա կարող է լինել ոչ ընդգծված հակաիրանական դիրքորոշում, բայց Անկարան, կարծես, մինչև վերջ փորձում է զերծ մնալ Իրանի «դահճի կերպարից»:
Չափազանց կարևոր է հասկանալ, թե այդ «մեկուսի» դիրքում Թուրքիան որքանո՞վ է «հնազանդեցրել» Ադրբեջանին, Բաքուն նույնպես «դիստանցավորվո՞ւմ է» Վաշինգտոնից, ի՞նչ մակարդակի են այսօր իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները: Իրանի դեմ հարձակումից մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այս տարի Երուսաղեմ այցի միջնորդավորված հրավեր է արել: Բաքվից առ այս պահը Նաթանյահուին որեւէ հրապարակային պատասխան չի հնչել:
Իշխանական minval politika-ն, մինչդեռ, բավական ծավալուն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ընդգծել, որ անվտանգության հարցում «ռևանշիստական կուսակցությունը խորհրդատու է ընտրել իսրայելցի պաշտոնաթող գեներալի և առաջին պատերազմի ղարաբաղցի վետերան-հետախույզի»: