ԱՄՆ-ում տասնմեկ մարդ է ձերբակալվել Լոս Անջելեսում տարեց տանտերերի դեմ ուղղված անշարժ գույքի խոշորածավալ խարդախության սխեմայի կապակցությամբ, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ դատախազությանը և ՀԴԲ-ին։
Նախաքննության տվյալներով՝ 2021 թվականի հունվարից մինչև 2023 թվականի մայիսը խումբը գողացել է տարեց տանտերերի անձնական տվյալները և օգտագործել դրանք խոշոր վարկեր ստանալու համար։
Մեղադրյալների թվում են մի քանի անձինք՝ հայկական անուններով և ազգանուններով, սակայն իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել նրանց ծագումը:
Խոսքը վերաբերում է Սանտա Մոնիկայի, Հոլիվուդի, Վեսթվուդի և Չայնաթաունի թաղամասերին։ Ձերբակալվածների թվում են Նազարեթ Չաքրյանը (65 տարեկան), Առնոլդ Մորադյանսը (57 տարեկան), Ավետիս Հեքիմյանը (38 տաևեկան), Ռոս Թարխանը (32 տարեկան), Տիգրան Հովանեսյանը (56 տարեկան), Արմեն Վարդևարյանը (55 տարեկան), Քրեյգ Հիգդոնը (66 տարեկան), Հելեն Սփենգլերը (62 տարեկան), Վիկտոր Լոսսին (43 տարեկան), Մարինե Սարկիսյանը (49 տարեկան) և Սինթիա Բորջասը (51 տարեկան)։
Իրավապահները պնդում են, որ կասկածյալները տուժածների անունով կեղծ ինքնություն և էլեկտրոնային փոստի հասցեներ են ստեղծել, ներկայացել են որպես գույքի սեփականատերեր, նրանց հարազատներ կամ ներկայացուցիչներ, և մասնավոր վարկատուներից այսպես կոչված կոշտ դրամական վարկեր են ստացել: Նրանք օգտագործել են կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային քաղվածքներ, վարձակալության պայմանագրեր, բժշկական տեղեկանքներ և նույնիսկ մահվան վկայականներ:
«Միջոցները փոխանցվել են կողծ ընկերությունների և հաշիվների ցանցի միջոցով», – ասել է հակրային ծառայության խոսնակ Թայլեր Հեթչերը:
Ըստ հետաքննության՝ սխեմայի մասնակիցները նաև «սինթետիկ ինքնություններ» են ստեղծել՝ բանկային հաշիվներ բացելու և գումարներ կանխիկացնելու համար: Ընդհանուր գնահատված վնասը կազմում է մոտավորապես 17,4 մլն դոլար, որից մոտավորապես 6 մլն դոլարը իրական կորուստներն են: Ձերբակալվածներից մի քանիսը բնակվել են Գլենդելում, Հոլիվուդում և Հյուսիսային Հոլիվուդում՝ Հարավային Կալիֆոռնիայի մեծ հայկական սփյուռքով հայտնի շրջաններում:
Նրանց մեծ մասը մեղադրվում է խարդախության և դավադրության, ինչպես նաև անձնական տվյալների գողության և փողերի լվացման մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում յուրաքանչյուր մեղադրանքի համար:
