ԱՄՆ-Իրան. բանակցելու են նոր օրակարգերով. Գանտահարյան

ԱՄՆ-Իրան. բանակցելու են նոր օրակարգերով. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Իրանի դեմ պատերազմը։ Ինչպե՞ս կբնութագրեք այժմ տեղի ունեցողը, ի՞նչ զարգացումներ կարելի է կանխատեսել։

– Պատերազմի ավարտի մասին դեռևս հստակ պատկերացումներ չկան։ Թվում է, թե Վաշինգտոնի հիմնական նպատակը Խարգ կղզու վրա վերահսկողություն հաստատելն է։ Հորմուզի ջրանցքի հանգույցը կարող է վճռորոշ լինել հետագա իրադարձությունների առումով։

– Ալի Լարիջանիի, ապա նաև Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները ի՞նչ հետևանք կունենան այդ երկրի ներքաղաքական վիճակի, ինչպես նաև պատերազմի ելքի վրա։

– Իրանի համակարգի ղեկավարների սպանությունը թիրախային, նպատակ ունեցող գործողությունների շարք է։ Բնական է, որ կառավարող մարդուժի առումով լուրջ հարված է, սակայն Թեհրանը իր հակահարվածներով փաստում է, որ համակարգը չի փլուզվել և շարունակում է դիմադրել։

– Էներգետիկ ենթակառուցվածքների համար պայքար է սկսվել։ Իսրայելը թիրախավորել էր Հարավային Պարսը, նաև՝ Խարգ կղզին։ Սա ինչի՞ մասին է խոսում։

– Սա խոսում է, որ ամբողջ պատերազմը էներգետիկ ռեսուրսների տիրապետման նպատակ ունի։ Եթե ԱՄՆ-ը հայտարարում է, որ հաջորդը Կուբան է լինելու, ուրեմն խոսում է գործողությունների շարքի մասին՝ Վենեսուելա, Գրենլանդներ, Իրան, Կուբա։ Գործընթացները, կարծում եմ, պետք է դիտարկել ընդհանրապես տնտեսական, հատկապես էներգետիկ ոլորտի հետ կապված տնտեսական մեծ պատերազմի հետ՝ Չինաստանի հետ հարաբերակցությամբ։ Իրանը ընդամենը այդ ճակատներից մեկն է՝ գուցե կարևորագույներից։

– ԱՄՆ-ից եղավ արձագանք, որ իրենք այս հարցում Իսրայելի գործողություններից տեղյակ չէին։ Արդյո՞ք կարելի է հավատալ սրան, և եթե իրապես այդպես է, այս միջադեպը հետևանքներ կունենա՞ նաև իրան-իսրայելական դաշինքի վրա։

– Պարզ չէ՝ տեղյակ էր, թե ոչ, սակայն երբ հրապարակային նման հայտարարություն է արվում, դա նշանակում է, որ ԱՄՆ-ը համաձայն չէր նման գործողությանը։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ը խոսում է նաև իրանյան էներգիայի արտահանման պատժամիջոցների վերացման հնարավորության մասին։ Այս բոլորը կարող են բացատրվել նախաբանակցային իրավիճակով կամ այդ ուղղությամբ ազդակներ ուղարկելով։

– ԱՄՆ նախագահը հաճախ է խոսում հաղթելու մասին։ Համամի՞տ եք, որ այս պատերազմում հաղթել են իրենք, թե ոչ։

– Եթե ի վերջո մասնակից լինի իրանյան էներգիայի կամ Իրանից դեպի աշխարհագրական այլ շրջաններ արտահանման առևտրին, կարելի է ասել, որ ԱՄՆ-ը ինչ-որ կետ արձանագրեց այս պատերազմում։ Դա անգամ լինելու է փոխզիջման հիմունքով։ Թեհրանը պահանջելու է պատժամիջոցների ամբողջական վերացում։ Նոր օրակարգերով են բանակցելու։

– Ըստ ձեզ՝ պատերազմի ավարտը մոտ է, թե ոչ։

– Ժամկետի առումով կանխատեսելը բարդ է։ Կարծում եմ՝ երկարատև չի լինելու։ Նույնը չեմ կարող ասել Լիբանանի դեպքում՝ ցավոք։

Արման Գալոյան

Leave a Comment