«Սրտիկից լավ բա՞ն», «սիրտս խառնում է սրտիկից», «կապիկություն». հարցում վարչապետի «սրտիկի» և մարզային այցերի մասին

2026թ․ ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն օր-օրի հստակեցնում են իրենց դիրքորոշումները և ռազմավարությունը՝ նպատակ ունենալով հունիսի 7-ին քվեի տեսքով ստանալ մեծ թվով ընտրողների աջակցությունը։ Որոշ քաղաքական ուժեր արդեն հայտարարել են հնարավոր դաշինքներ կազմելու մասին։ Նախընտրական և ընտրական բոլոր գործընթացները, այդ թվում նաև պաշտոնական քարոզարշավի ժամկետները, սահմանվում և կարգավորվում են ՀՀ ընտրական օրենսդրությամբ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փետրվարի 28-ից սկսել է ակտիվորեն այցելել ՀՀ տարբեր մարզեր։ Նրանք արդեն հասցրել են լինել Արարատի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի և այլ մարզերում։ Թեև իշխող ուժը դրանք անվանել է «ներկուսակցական կազմակերպչական բնույթի այցեր», դրանք, ըստ իրենց շոշափած հարցերի և հնչեցրած հայտարարությունների, ավելի շատ նմանվում են նախընտրական քարոզարշավի։ Վարչապետը և տարբեր գերատեսչությունների պատասխանատուներ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հաճախ բարձրաձայնում են իրենց քաղաքական թիմի ծրագրերը և հիշեցնում արդեն արված աշխատանքների մասին։ Այս այցելությունների ժամանակ հատկապես հիշարժան են վարչապետի և ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ընդմիջումները։ Ավտոբուսի մեջ նրանք միասին լավաշ, շարոց, եգիպտացորեն, կարկանդակ, թթու լավաշ են ուտում։ Մարտի 10-ին էլ Փարիզում կայացած «Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովում»՝ ընդմիջման ժամանակ, Փաշինյանն ամբողջական խնձոր է կերել և այդ մասին տեսանյութ տեղադրել սոցհարթակում։ Այս այցելությունների խորհրդանիշը դարձել է «սրտիկը»։ Արդեն ամիսներ է, ինչ ամեն առավոտ վարչապետը երաժշտության ուղեկցությամբ ձեռքերով սրտիկ է ցույց տալիս և ասում, որ սիրում է բոլորին։ Պարզելու համար, թե հասարակությունն ի՞նչ կարծիք ունի վարչապետի մարզային այցերի և «սրտիկի» մասին, Armenia Today-ը Երևանի տարբեր վարչական շրջաններում հարցում է անցկացրել։ Հարցվողների կարծիքները տարբեր են․ ոմանք դրա մեջ որևէ արտառոց բան չեն տեսնում, ոմանք էլ դա երկրի առաջին դեմքին հարիր պահվածք չեն համարում։ «Մարզային այցերին չեմ հետևում․ ավելի հետաքրքիր բաներ եմ նայում, իսկ երբ սրտիկը ցույց են տալիս, սիրտս վատանում է»,- ասել է մի քաղաքացի։ Ոմանք էլ սրտիկին դեմ չլինելով՝ դեմ են վարչապետի վարած քաղաքականությանը՝ վստահեցնելով, որ կարելի էր այդ ընթացքում ավելի լուրջ գործերով զբաղվել։ «Հարցը սրտիկը չէ, այլ վարչապետի վարած քաղաքականությունը»,- նշել է  քաղաքացիներից մեկը։ Նախընտրական քարոզարշավից առաջ իշխող կուսակցության նման այցելությունները դեպի մարզեր դժգոհություն են առաջացրել որոշ քաղաքացիների մոտ, և նրանք դա ընտրական օրենքի խախտում են համարել։ «Փաշինյանը հիմա ներկուսակցական արշավ չի անում, նա հենց կուսակցական քարոզարշավ է իրականացնում»,- նկատել է հարցվածներից մեկը։ Որոշ քաղաքացիներ էլ մարզային այցերի և հատկապես սրտիկի հետ կապված որևէ վատ բան չեն նկատել։ «Այցերին շատ լավ եմ վերաբերվում։ Սրտիկից էլ լավ բա՞ն»,- ասել է քաղաքացին։ Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment