Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է այն պնդումները, թե Ադրբեջանը 2025 թվականի ամռանը Հայաստանի ինքնիշխան տարածքում դիրքեր է կառուցել:
Նախարարն անդրադարձել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հրապարակած քարտեզներին և դրանց հիմքով արված վերլուծություններին, թե ադրբեջանական կողմը 2025-ի ամռանը՝ մինչ ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի հայտարարությունը, Գեղարքունիքի սահմանային հատվածում դիրքեր է կառուցել։ Պապիկյանը նշել է, այդ տեղեկությունները և քարտեզները չեն համապատասխանում իրականությանը:
«Ես միայն կասեմ, որ Հայաստանի տարածքում դիրք չի կառուցվել, և այդ մասին ՊՆ-ն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ»,- հայտարարել է նախարարը:
Պապիկյանը խուսափել է պատասխանել հարցին, թե 2021-ից հետո Հայաստանից օկուպացված տարածքներում դիրքեր կառուցվել են, թե՞՝ ոչ։ «Ես դրա մասին չեմ խոսում, ես անդրադառնում եմ այն պնդումներին, ըստ որոնց՝ 2025-ին դիրքեր են կառուցվել ՀՀ տարածքում»,-հայտարարել է նա։
«Միասնության թևեր» նախաձեռնության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մարտի 4-ին ասուլիսում հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել: Նա նշել էր, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում տեղակայել է մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր, ինչպես նաև հենակետեր հրաձգային, ականանետային և այլ խոշոր տրամաչափի զինատեսակների համար:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով, կտրականապես հերքել էր Թաթոյանի պնդումները՝ դրանք որակելով սուտ։
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները մարտի 10-ին բողոքի ակցիա էին անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ և գերատեսչությանը փոխանցել փաստաթղթեր ու արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ նրանց, վկայում են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր առաջխաղացում և դիրքերի կառուցում։
