«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջեւ տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը քննարկվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի արտահերթ նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականին: Նպատակն է ազատականացնել ու պարզեցնել կողմերի միջեւ ապրանքների առեւտուրը, աջակցել կողմերի միջեւ տնտեսական եւ առեւտրային փոխգործակցությանը, ինչպես նաեւ խրախուսել կողմերի միջեւ առեւտրի ընդլայնումը:
Համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86 տոկոսի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98 տոկոս: Համաձայնագրի անբաժանելի մաս են նաեւ կից ցանկերը, որոնցում ներառված ապրանքատեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ: Մեր երկրի կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են: Գյուղատնտեսական ապրանքների մասով ներառված են թարմ մրգերը, այդ թվում՝ ելակ, վայրի ելակ, թարմ լոլիկ, մրգահյութեր, մեղր, ջեմեր, շաքարով հանքային ջուր, կենդանի բույսեր, խնձոր, ծիրան եւ այլն: Նշված ապրանքատեսակների համար ԱՄԷ շուկայի ծավալը գնահատվում է մոտ 550 մլն ԱՄՆ դոլար:
Արդյունաբերական ապրանքների մասով ներառվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային եւ ռադիոհեռարձակման սարքավորումները եւ այլն:
Նշվել է, որ Հայաստանից արտահանելու դեպքում այդ ապրանքների համար մաքսատուրք չի մուծվելու:
Մոնղոլիայի հետ փոխադարձ առեւտրի դյուրացմանն ու խթանմանն է ուղղված նաեւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը: Այն եւս քննարկվել է հանձնաժողովի նիստում:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականին, կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մաքսային կարգավորումը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները եւ այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Նախատեսվում է համաձայնագրի գործողության ժամկետը սահմանել երեք տարի՝ հետագայում եւս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերին: Առաջարկվել է հարցերն ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: